Լևոն Քոչարյան․ Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը քաղաքական առումով հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը:

 

«Իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»,–ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` իր համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը` Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել:

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան», - ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այդպիսի աբսուրդով զբաղվեն, որն ուղղակի ծիծաղելի է։

Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է նրանց:

«Մյուս քրեական գործով ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», - ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ իրեն:

«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», - ընդգծեց նա։

Քոչարյանի խոսքով` իր պաշտպանները միջնորդել են, որ երկու քրեական գործերի նիստերն էլ անցկացվեն դռնբաց, որպեսզի հասարակությունն էլ տեղյակ լինի այդ ամենից։

Դատական նիստերի օրը դեռ նշանակված չէ։

Sputnik Արմենիա