Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պահվող 136 պատանդներից 31-ի մահը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի զինյալների գերության մեջ մնացած 136 մարդկանցից 31 պատանդների մահը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ մեկնաբանելով The New York Times-ի հրապարակումը։

Նախօրեին թերթը, վկայակոչելով իսրայելական հետախուզությունը, գրել էր 32 պատանդների մահվան մասին։ Ըստ NYT-ի՝ նրանցից 30-ը մահացել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև նոր պատերազմի սկսվելուց հետո, իսկ երկուսը մահացել են 2014 թվականին՝ նախորդ հակամարտության ժամանակ, և այդ ժամանակվանից նրանց մարմինները պահվում են Գազայի հատվածում։

Հագարին պարզաբանել է, որ մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է հոկտեմբերի 7-ին գերեվարված 29 պատանդների և 2014 թվականին առևանգված և սպանված երկու զինվորների՝ Օրոն Շաուլի և Հադար Գոլդինի մահը։ 31 պատանդների ընտանիքներն արդեն ծանուցվել են իրենց սիրելիների մահվան մասին, հավելել է նա։

Ինչպես հայտնում է NYT-ը, որը վկայակոչում է երկու պաշտոնյաների, մահացած պատանդներից մի քանիսը սպանվել են Իսրայելում հոկտեմբերի 7-ին, իսկ ՀԱՄԱՍ-ի զինյալները նրանց մարմիններն իրենց հետ տարել են Գազայի հատված։ Մյուսները վիրավորվել են ահաբեկչական հարձակումների ժամանակ, իսկ ստացած վնասվածքներից մահացել գերության մեջ։

Բացի այդ, ինչպես The New York Times-ին հայտնել են իսրայելցի չորս պաշտոնյաներ, իսրայելական հետախուզության դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն, ՀԱՄԱՍ-ի գերության մեջ կարող էր սպանվել ևս առնվազն 20 պատանդ: Այսպիսով, գրոհայինների գերության մեջ են մնում մոտ 80 կենդանի պատանդներ։

Ըստ եգիպտացի պաշտոնյաների, որոնց մեջբերում է The Wall Street Journal-ը, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ չգիտի սպանված պատանդների ճշգրիտ թիվը: Բացի այդ, ահաբեկչական շարժման ներկայացուցիչները պնդում էին, որ պատանդներից մի քանիսը մահացել են իսրայելական ավիահարվածների արդյունքում։ Իսրայելը հերքում է դա։

News.am