Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԷՐ, ՈՐ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՆԵՐԿԱ ՉԷՐ ԱԼԻԵՎԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Ուղիղ մեկ օր առաջ Արցախի նախագահի նստավայրում Ալիևն ինքն իրեն ընտրեց Ադրբեջանի նախագահ. սա շատ խորհրդանշական իրադարձություն էր և ցույց էր տալիս, որ ադրբեջանական ընկալումներում ամենաբարձր մակարդակում Ստեփանակերտը գերիշխանություն ունի Բաքվի նկատմամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Բայց շատ միամիտ է Ալիևը և չունի խորհրդականներ ՔԿ-ից, ի դեմս, օրինակ, Տիգրան Ավինյանի, որ կարողանար հասկանալ, որ իշխանություն կարելի է զավթել 9 տոկոս տընտրողների վստահության պայմաններում, այլ շարունակելով հետամնաց բռնապետության ավանդույթները, որոշեց նախագահ հռչակվել 92 տոկոս կողմ ձայներով: Զարմանալի էր, որ ընտրատեղամասում ներկա չէր իր վստահված անձը՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

Ղազարյանի համոզմամբ, այն, ինչ որ տեղի է ունեցել Արցախում 2020 թվականից սկսած, ընդամենը միջազգային ռազմական հանցագործություն է. «Հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ունենք իրավիճակ, որ հայկական կողմից Ադրբեջանին որևէ մեկը պատասխանատվության չի ուզում կանչել միայն մեկ պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունն այդ պատերազմի հանցակիցն է, այսինքն հանցախմբի անդամները միմյանց մեղադրել և միմյանց պատասխանատվության կանչել չեն կարող, դա կարող է անել քննիչը, դատախազը, դատարանը։

Հիմա մեզ պետք է այս պատերազմական հանցագործներին բերել արդարադատության դաշտ և առաջին արդարադատությունը պետք է իրականացվի Հայաստանում, Հայաստանում գտնվող պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու միջոցով»,-ասաց Է. Ղազարյանը։

Նա խոսեց նաև Փաշինյանի հայտարարության մասին, որ մեր օրհներգում կա «թշնամի բառը». «Եթե որևէ մեկին անհանգստացնում է, որ մեր եռագույնը պետք է փողփողա թշնամու դեմ, այլ պատկերացնում է, որ պետք է փռվի թշնամու ոտքերի տակ, ապա մեձզնից մի բան է հասնում՝ իրեն դնել այդ թշնամու ոտքերի տակ»:

News.am