Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է ԴՐՎՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՆԵՐՔՈ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի փարատում այն կասկածները, որ ՀՀ նոր Սահմանադրության ընդունումը Ադրբեջանի պահանջը չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին Նիկոլ Փաշինյանի` վերջին հայտարարությունը:


Փետրվարի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը գաղտնազերծեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրից մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը` այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։

Այս հարցը քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ Փաշինյանի հնչեցրած նոր Սահմանադրության գաղափարը պայմանավորված է Բաքվի ճնշմամբ։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, որտեղ հղում է արվում 1990 թ. ընդունված Անկախության հռչակագրին: Հռչակագրի նախաբանում խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման անհրաժեշտության մասին։

«Համոզված եմ` Փաշինյանը չի հասկանում` ինչ է նշանակում ներպետական օրենսդրությանը հղում չանելը։ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան հստակ ամրագրում է, որ պայմանագրի կողմերից մեկը իրավունք չունի վկայակոչել իր ներքին օրենսդրությունը` պայմանագիրը չկատարելու համար: Խոսքը կոնվենցիայի 27–րդ հոդվածի մասին է։ Բայց կա 46-րդ հոդվածով սահմանված բացառություն։ Այս հոդվածը ենթադրում է, որ պայմանագիրը չի կատարվում, եթե պետություններից մեկն այն ստորագրել է սեփական իրավունքների, սեփական Սահմանադրության խախտմամբ»,– ընդգծեց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն շատ երկրների համանման փաստաթղթերի, նախատեսել է նախնական սահմանադրական վերահսկողություն այս կամ այն փաստաթղթի վավերացման համար։

«ՀՀ–ի կողմից կնքված ցանկացած պայմանագիր, որը պետք է վավերացվի, սկզբից պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի կողմից, որը պետք է ստուգի, թե այդ պայմանագրում ներառված դրույթները որքանով են համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Եթե ՍԴ–ն գտնում է, որ դրույթներից անգամ մեկը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (դա մասնավորապես վերաբերում է ՀՀ Սահմանադրության նախաբանին, որը հղում է անում ՀՀ հռչակագրին), ապա ՍԴ–ն տալիս է բացասական եզրակացություն, և ԱԺ–ն այլևս իրավունք չի ունենում վավերացնելու այն»,– ասաց Պողոսյանը։

Սահմանադրագետն ընդգծեց` գործող սահմանադրական իրավունքով ՀՀ Սահմանադրության նախաբանը, ինչպես նաև առաջին երեք հոդվածները փոփոխության ենթակա չեն, այդ պատճառով էլ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ լինեն, այլ պետք է նոր Սահմանադրություն ընդունվի։ Իսկ նոր Սահմանադրության ընդունումը ոչ թե իրականացվում է ԱԺ–ով, այլ միայն հանրաքվեով։

«Ընդ որում` նոր Սահմանադրության նախագիծը նախ պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների ⅔–ի մեծամասնությամբ և միայն դրանից հետո իրավունք կա այդ նախագիծը տանել հանրաքվեի։ Հանրաքվեով այն ընդունվում է, եթե կողմ ձայներն ավելի շատ են, քան դեմ ձայները։ Իսկ կողմ ձայներն իրենց հերթին չպետք է պակաս լինեն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 1/4–ից»,– հիշեցրեց նա։

Պողոսյանի խոսքով` Փաշինյանի կողմից անգրագիտություն է, երբ մատնանշում է Ֆրանսիական Հանրապետությունը, քանի որ այնտեղ մի պետական ձևից անցում էր կատարվել մեկ այլ պետական ձևի։

«Երբ Փաշինյանն ասում է` եկեք ՀՀ Երրորդ հանրապետությունը վերածենք Չորրորդ հանրապետության, նա պետք է գիտակցի, որ վերացնում է Հայաստանի անկախ հանրապետությունն իր այն բոլոր խորհրդանիշներով, որոնք ձևավորվել են 1990 թվականին։ Ու այստեղ ասել, որ ընդամենը տեղի է ունենում վերափոխում, դա տեղին չէ, քանի որ 3–րդ հանրապետությունը ձևավորվել է ՀՀ հռչակագրի հիման վրա, որն ամրագրել է այն հիմնական համազգային նպատակները, որոնք ունի Հայաստանի անկախ պետականությունը»,– նշեց Պողոսյանը։

Ըստ սահմանադրագետի` Փաշինյանը հիմա առաջարկում է հրաժարվել այդ համազգային նպատակներից ու դրանով խաչ քաշել այսօր գործող հայոց պետականության վրա։

Պողոսյանը համոզված է, որ դա տեղի է ունենում ադրբեջանա–թուրքական անթաքույց թելադրանքի ներքո, և առաջին անգամ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց է դրվում ոչ թե ելնելով երկրի զարգացման ներքին դինամիկայից, այլ արտաքին ուժերի ճնշման ներքո։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

Sputnik Արմենիա