Նարինե Աղբալյան․ Գագիկ Գինոսյանի շնորհիվ մենք հայկական պարը բերեցինք Արցախ

Երկար տարիներ, երբ Արցախում մշակույթի նախարար էի, Գագիկ Գինոսյանի հետ համատեղ ծրագրեր ենք արել. իր շնորհիվ մենք հայկական պարը բերեցինք Արցախ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Նարինե Աղբալյանը:

«Մինչև վերջին օրերը մենք իրար հետ միասին աշխատում էինք: Գագիկ Գինոսյանը հայրենիքի զինվոր էր, բայց նա սովորական ազատամարտիկ չէր, նա հայկական ինքնության պահապաններից էր: Ամենևին զարմանալի չէ, որ նրա սիրտը չդիմացավ, որովհետև երբ այսքան թիրախավորվեց ու խոցելի դարձավ հայկական ինքնությունը, պարզ էր, որ նման մարդիկ չեն կարող անտարբեր լինել: Կարծում եմ՝ այդ անզորության զգացողությունից, ըմբոստությունից, ցասումից նրա սիրտը չդիմացավ:

Կուզենայի, որ նա հաղթահարեր այդ փորձությունը, այդ անզորության զգացողությունը, որ համակել է բոլորիս և կարողանայիք մեր պայքարը մինչև վերջ տանել»,-ասաց նա:

Նարինե Աղբալյանը վստահություն հայտնեց, որ ժամանակի հետ նրա ավանդան ավելի կգնահատվի ու կարժևորվի մեր բոլոր սերունդների կողմից:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» պանթեոնում:

News.am