ՀՀ-ում Իրանի դեսպան. Ցանկացած խաղաղություն պետք է ներառի հարգանք տարածքային ամբողջականության նկատմամբ

Երևանում փետրվարի 9-ին, անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ՀՀ-ում Իրանի դեսպանի հրավերով մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառմանը Իրանի դեսպանը հանդես է եկել ելույթով, նշելով, որ Թեհրանը պաշտպանում է կայուն խաղաղությունը տարածաշրջանում, և աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Դեսպան Մեհդի Սոբհանին միևնույն ժամանակ ասել է, որ ցանկացած խաղաղություն պետք է իր մեջ ներառի հարգանք երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության նկատմամբ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է տարածաշրջանային խնդիրների ու ճգնաժամերի լուծման մաս: Այս զգայուն պահին իմ երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: ԻԻՀ-ը պաշտպանում է կայուն խաղաղությունը տարածաշրջանում: ԻԻՀ տեսակետն է՝ ցանկացած խաղաղություն պետք է իր մեջ ներառի հարգանք երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության նկատմամբ:

ԻԻՀ ողջունում և աջակցում է տարածաշրջանային նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ուղղված երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում հաղորդակցության ուղիների ավելացմանը և ապաշրջափակմանը»:

Դեսպանը, անդրդառանալով Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կայանալիք միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին, նշել է, որ այն ավելի շատ հնարավորություններ կնձեռի հարաբերությունների զարգացման համար:

Դեսպանը նաև խոսել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումից և ասել, որ շուրջ 120 հազար իրանցիների այցը Հայաստան երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և ժողովուրդների միջև շփումների և հաղորդակցության ավելացման ապացույցն է:

«Կասկած չունեմ, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը նախկինի համեմատ ավելի մեծ թափ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին»,- ասել է նա:

Նկատելով, որ նախորդ տարի երկու երկրների միջև գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը երկարաձգվել է՝ հնարավորություն ստեղծելով ավելի մեծ ծավալների գազ և էլեկտրաէներգիա փոխանակելու համար, դեսպանն ասել է, որ առկա է հսկայական ներուժ երկու պետությունների և երկու ժողովուրդների միջև համագործակցությունն ամրապնդելու համար:

«Համոզված ենք, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան խոստումնալից է և ոչ մի ուժ չի կարողանա այն իր ուղեգծից դուրս մղել»,- ասել է նա:

Անդրդառնալով Իրանի իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձին՝ դեսպանը նշել է. «45 տարի առաջ այս օրերին Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ Իրանի ժողովրդի փոթորկալից շարժումը հաջողությամբ պսակվեց, և որի արդյունքում տապալվեց բռնապետական թագավորական համակարգը և այն փոխարինվեց ժողովրդի կամքի և ցանկության վրա հիմնված համակարգով: Ի հեճուկս շարունակական թշնամանքներին, դավադրություններին, ահաբեկչական գործողություններին, պատերազմին և ժողովրդի ու իսլամական համակարգի դեմ կիրառվող դաժան պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի դիմացկուն և վճռական է ընտրել աճի, բարգավաճման, փառքի ու արժանապատվության ուղին»:

News.am