ԻՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱՆՆԱՆ…

«Սահմանադրական հանրաքվեն հենց այն պահն է, երբ ոչ պետական ժողովուրդը վերածվում է պետական ժողովրդի»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ հայերը պետք է քննություն անցնեն պետական ժողովուրդ կոչմանը համապատասխանելու համար: Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին, ուրեմն հայերը պետական ժողովուրդ են, իսկ եթե ոչ, ապա... ինքներդ էլ հասկանում եք։

Այս արտահայտությանն արձագանքեց Տեր-Պետրոսյանի ճամբարում Փաշինյանի նախկին գործընկեր Արամ Մանուկյանը, հիշեցնելով, որ մեր ժողովուրդն արդեն անցել է այդ քննությունը՝ 1991թ.սեպտեմբերի 21-ի հանրաքվեում ձայների 94,39% -ով կողմ քվեարկելով ԽՍՀՄ-ից ելքին և անկախ պետականության ստեղծմանը։ «Իսկ ո՞վ է Փաշինյանը, որ ժողովրդի համար պետականության քննություն կազմակերպի»։ Այլ գործիչներ էլ հիշեցրին Նիկոլին, որ 13-րդ դարում հայերն արդեն ունեին իրենց օրենսգիրքը, իսկ 18-րդ դարում ժողովուրդը ձգտում էր կառավարման խորհրդարանական եղանակի, հայկական գենը 8 հազար տարեկան է, հայերը համաշխարհային ազգ են և գլոբալ ժողովուրդ՝ մեծ մշակույթով:

Ադրբեջանը նկրտումներ է արտահայտում Գոշավանքի, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու և Ախթալայի Սուրբ Աստվածածին տաճարի նկատմամբ: Արման Թաթոյանի հիմնադրամն ահազանգում է մշակութային ցեղասպանության մասին, որը Արցախից հասել է ինքնիշխան Հայաստանի տարածք, իսկ բուն Հայաստանում ռեժիմի պարագլուխը փոքր-ինչ դանդաղեցված գործողության ռումբ է դնում պետականության հիմքերի տակ: Ալիևի հրահանգով ողջ թափով ընթանում է Հիմնական օրենքի նախաբանի վերանայումը՝ Անկախության հռչակագրին հղման մասով, որում խոսվում է Հայաստանի հետ Արցախի վերամիավորման և Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին:

Ցինիզմն անցել է ամեն չափ ու սահման, չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստի ամբիոնից պատգամավորների հարցերին Փաշինյանի պատասխանները կարող են համեմատվել միայն նրա կնոջ հայտնի գրառման հետ։

Մեկ տարի առաջ՝ 2023թ. փետրվարի 6-ին (Արցախի շրջափակման ամենաթեժ պահին), Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, թե ինչպես է ինքնաթիռում մոռացել Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» գիրքը: Անվանումը խորհրդանշական է, եթե հիշենք, որ վեպը պատմում է Կարսի մասին՝ թուրքերի կողմից զավթման նախօրեին։ Կրկնեմ, սա Արցախի շրջափակման ամենաթեժ պահին էր։ Նախապես ներողություն եմ խնդրում ընթերցողից այդ աղիողորմ տեքստը մեջբերելու համար, բայց դա անհրաժեշտ է՝ որպես իշխող ընտանիքի իրական ծրագրերի պատկերազարդում:

Եվ այսպես, Փաշինյանի կինը գրում է. «Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ… Ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում: …Ի վերջո վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարևորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ»։

Գիտակցության հոսքը շատ ավելի երկար է, բայց, կարծում եմ, «Գոլոս»-ի փորձառու ընթերցողներն արդեն ըմբռնեցին Ռեյկյավիկի ճանապարհին ինքնաթիռում մոռացված գրքի համար Աննայի տվայտանքների իրական իմաստը: Գրառումն արված է բրազիլական սերիալների երկրպագու տնային տնտեսուհիներին տպավորելու հաշվարկով, որոնք կոտլետների ու փլավի արանքում կարեկցանքով կհամակվեն իշխող վերնախավի ղեկավարի կնոջ «անկեղծ» ապրումների նկատմամբ։ «Ախ, ի՜նչ վեհաբարո ու նրբազգաց է տիկին Աննան։ Ախ, որքա՜ն «խորն» է նա վշտացած գրքի համար, որը սեղմել էր կրծքին՝ աշխարհի ծայրը թռչելիս: Ո՜նց է սգում գրքի կորուստը, տառապանքից հալումաշ է լինում խեղճը»։

Կոկորդիլոսները նույնպես արցունքառատ լալիս են՝ խժռելով իրենց զոհերին, միայն թե, ի տարբերություն Աննայի, նրանք դա անում են ոչ հասարակության զգացմունքների վրա ազդելու հաշվարկով…

Հակոբյանը նույն գրքից գնեց իր համար անցած տարվա ապրիլին և դրանից մեջբերումներ արեց Կարսի անկման և քաղաքից բնակչության փախուստի մասին։ Չարենցը 2023թ. սեպտեմբերի 19-20-ից մեկ դար առաջ նկարագրել է այն հույզերը, որ այդ օրերին ապրում էին Ստեփանակերտի բնակիչները, այլ կերպ ասած՝ ցեղասպանությունը 21-րդ դարում էլ մնում է ցեղասպանություն:

Ես չգիտեմ, թե ինչպես արձագանքել «Էրատո» ջոկատի հրամանատարի հուզական փորլուծությանը: Ես չգիտեմ, թե ինչ բառերով բնութագրել այն կանանց, որոնք իրենց թույլ տվեցին հեռուստախցիկների առջև ձևեր թափել իբրև մարտիկներ և մարտական ջոկատի հրամանատար՝ անթերի զինվորական համազգեստով և կատարյալ հարդարված մազերով, երբ Արցախում զոհվում էին զինվորները, հեղվում էր խաղաղ բնակիչների արյունը…

Չգիտեմ, թե 44-օրյա պատերազմի թեժ պահին ինչը դրդեց Փաշինյանի կնոջը իջնել Ստեփանակերտի ապաստարաններից մեկը և հայտարարել ռմբակոծությունից թաքնված կանանց, թե ինքն էլ նրանցից մեկն է, իր որդին նույնպես կռվում է: Չգիտեմ, թե ինչպես կարելի էր հայրենակիցների աչքերին նայելով՝ կրկնել հեռուստախցիկների առջև Ալիևի սուտը 11 հազար դասալիք հայերի մասին։ Այդ տիկնոջը տալիք հարցեր չկան և ի բնե չեն կարող լինել:

Նրա ամուսնուն, որը 44-օրյա պատերազմի ժամանակ դիվահարի պես ճղավում էր խորհրդարանի ամբիոնից. «Իմ կինը կռվո՛ւմ է։ Իմ որդին կռվո՛ւմ է», նույնպես հարցեր չկան, հատկապես մամլո ասուլիսի ժամանակ արած այն հայտարարությունից հետո, թե մարտական գործողությունների թեժ պահին Արցախում հրամանատարական կետ իր կնոջ այցելության մասին որոշումը կայացվել է այդ գործողությունները ղեկավարողների «մարտական ոգին բարձրացնելու» նպատակով։

Նույն ասուլիսում Փաշինյանը, հիշեցնեմ, իր կնոջը հռչակեց հերոսի մայր։ Հարցեր են մնացել միայն այն սպաների թվաքանակի վերաբերյալ, որոնք, ըստ անթիվ հրապարակումների, զոհվել են Աշոտ Փաշինյանին շրջապատումից դուրս բերելիս, բայց այդ հարցերը մենք կուղղենք համապատասխան ատյաններին ռեժիմի տապալումից հետո…

Իշխող վերնախավի պարագլխի հղումը «հենց այն պահին», երբ ժողովուրդը ոչ պետականից վերածվում է պետականի, բովանդակում է թաքնված ծաղր։ Դա ծաղր է հայերի զգացմունքների և պատմական հիշողության նկատմամբ, ինչը նշմարվում է ինքնաթիռում մոռացված գրքի մասին նրա կնոջ լացակումած գրառման մեջ։ Իշխող ընտանիքին թվում է, թե ինքն ամենախելացին է, ուստի կարող է տարիներ շարունակ հիմարացնել ու քթից բռնած ման ածել մի ամբողջ ժողովրդի։ Պատահական չէ, որ Կարսից հայերի արտագաղթի մասին մեզ հիշեցրին էթնիկ զտումներից և արցախահայության բռնի տեղահանումից հաշված ամիսներ առաջ:

Պատահական չէ, որ Փաշինյանը սպառնում է պատերազմով, եթե ժողովուրդը չքվեարկի Անկախության հռչակագրից հրաժարման օգտին՝ հօգուտ նոր Սահմանադրության նախագծի, որին հավանություն կտա Ալիևը: 2018 թվականից ի վեր մենք նախազգուշացրել ենք, որ ժողովրդի մանկուրտացումը, պատմական հիշողությունից զրկումը իշխող ռեժիմի խնդիրներից գլխավորն է…

Փաշինյանը ստեղծում է սեփական ժողովուրդ՝ իր կնոջ ու քաղաքական հաճկատարների պատկերով ու նմանությամբ։ Նրան պետք են Վահագն Ալեքսանյանի, Ալեն Սիմոնյանի, Լուլուի և այլոց կլոնները։ Այդ ծառայանու մեջ կան նաև Տեր-Պետրոսյանի նախկին զինակիցներ։ Երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար դաշնակցական Արծվիկ Մինասյանը հարցրեց ՀԱԿ նախկին անդամ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, թե ինչպես կարող է նա հրաժարվել Անկախության հռչակագրից, որի ակունքներում կանգնած է առաջին նախագահը, ապա «Մահ» մականունով բժիշկը պատասխանեց, որ համոզմունքները փոխելը սովորական բան է…

«Պետք չէ Փաշինյանին տխմար համարել։ Նա հետևողականորեն ու նպատակաուղղված առաջ է շարժվում Թուրքիայի ծրագրերի իրականացման ճանապարհով»,- զգուշացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին իրոք մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Այլաբանությունը՝ ճանապարհի երկու կողմում շարված ցլերի մասին, որով Փաշինյանն ու մյուսները քայլում են կարմիր հագուստով, նույն պարզունակ հնարքների շարքից է, ինչ Աննայի ողբը խորհրդանշական վերնագրով մոռացված գրքի համար: «Էրատո» ջոկատի հրամանատարն այդ կերպ պատկերեց լքված հայրենիքի կարոտը, կարծելով, թե իր գրառումը թեժ արձագանք կգտնի նրանց սրտերում, ում ժամանակին դուր է եկել փամփուշտներից զարդեր ձուլելու և Մեհրիբան Ալիևային Արցախ թեյախմության հրավիրելու իր կոչը:

Ակնհայտ է Նիկոլի և Աննայի անվերջանալի ծաղրանքների հերթական շարանը ժողովրդի նկատմամբ՝ «վերջնական կարգավորումը պետք է գոհացնի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին» կարգախոսի ոգով։ Արցախում «վերջնական կարգավորումից» հետո հերթը հասել է Հայաստանի նոր Սահմանադրությանը՝ Ալիևի պատվերով։ Ժխտելով պատվերի առկայության մասին պնդումները՝ ռեժիմի պարագլուխը խորհրդարանի վերոնշյալ նիստի ամբիոնից գաղտնազերծեց խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցված հոդվածներից մեկը: Այն նշում է, որ կողմերն իրավունք չունեն դիմել իրենց օրենսդրություններին՝ միջպետական համաձայնագրի չկատարումն արդարացնելու համար։ Ժխտումը նույնպես նախատեսված է տնային տնտեսուհիների համար…

Ուրիշ էլ ի՞նչ պետք է հրապարակավ ասեն Փաշինյանն ու իր կինը, որպեսզի զանգվածային գիտակցության մեջ վերջապես արթնանա ինքնապահպանման բնազդը այդ զույգի արտազատած դավաճանությունից ու անսահման գռեհկությունից։ Դեռ քանի՞ կյանք է պահանջվելու՝ գիտակցման համար, որը վերջ կդնի հայի ոսկորների վրա թուրք-ադրբեջանական փոխանորդների արյունալի պարին։

Մի՞թե բանականության քունը ձգվելու է հավերժ:

Ցուլերն, իհարկե, չեն արձագանքում գույներին, նրանք դալտոնիկ են, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան Նիկոլին, ինչպես 6 տարի առաջ, և կշտապեն հագնել... այլ Սահմանադրություն, որը դուր կգա Ալիևին։ Ի արդարացում՝ նրանք կասեն, թե հանուն տևական խաղաղության ուրացան ազգային նպատակներն ու արժեքները։ Պարզաբանեմ, թե ինչ խաղաղության մասին է խոսքը. այսօր Կարսում խաղաղություն է, Վանում, Անիում ու Մուշում նույնպես խաղաղություն է... Արցախում էլ սեպտեմբերի 20-ից հետո չեն կրակում։ Հենց դա է այն խաղաղությունը, որ բերում են հայ ժողովրդին Փաշինյանն ու Աննան՝ Ալիևի ու Էրդողանի պատվերով։