Աբխազիան մերժել է ռուսական գվարդիայի հետ հանրապետությունում կարգուկանոնի պահպանման պայմանագիրը

Աբխազիայի ՆԳՆ ղեկավար Ռոբերտ Կյուտն ասել է, որ նախարարությունը ՌԴ գվարդիայի հետ չի ստորագրի հանրապետությունում օրինականության և կարգի պաշտպանության մասին համաձայնագրի նախագիծ, քանի որ սահմանադրությունն արգելում է նման հարցերը փոխանցել օտարերկրյա կառույցների իրավասությունը, հայտնում է РИА Новости-ն։

Քննարկվող նախագիծը մեծ արձագանք առաջացրեց աբխազական հասարակության մեջ, այդ թվում՝ ընդդիմության շրջանում։

«Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության և Աբխազիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը քննարկվել է աբխազական հասարակությունում վերջին օրերին, չի կարող ստորագրվել», - ասել է Կիուտը:

Նրա խոսքով, հանրապետության սահմանադրությունը և, ընդհանրապես, օրենսդրությունը թույլ չեն տալիս «երկրում հասարակական անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովել օտարերկրյա պետության իրավապահ մարմինների կողմից»։

Կիուտը նշել է, որ Աբխազիայի ՆԳՆ-ն և նրա մյուս իրավապահ մարմիններն իրենց տրամադրության տակ ունեն բավականաչափ անձնակազմ՝ հասարակական կարգը պաշտպանելու, հասարակական անվտանգությունն ապահովելու, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարելու, զենքի շրջանառությունը վերահսկելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց ունեցվածքը պաշտպանելու, մասնավոր անվտանգության և դետեկտիվ գործունեության համար:

Նախարարը հավելել է, որ Աբխազիայի ՆԳՆ-ն հույս ունի զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի ՆԳՆ-ի և ՌԴ Ազգային գվարդիայի հետ՝ հանուն հանրապետության ներքին գործերի մարմինների փորձի փոխանակման և հմտությունների կատարելագործման։

News.am