Արտակ Բեգլարյան. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի

Արցախի նախկին ՄԻՊ և պետնախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ խոսել է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի իրացման և դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին, փետրվարի 15-ի ասուլիսի ժամանակ հայտնել է Բեգլարյանը։

«Այս ուղղությամբ, բնականաբար, բոլորս անելիքներ ունենք։ Այստեղ, սակայն, կարևոր է նաև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ՀՀ-ն պետք է ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման պատասխանատվությունը»,- ասել է Բեգլարյանը։

Նա տեղեկացրել է, որ Լոս Անջելեսում Հայ իրավաբանների միության հրավերով մասնակցել են միության 35-րդ ամենամյա համաժողովին «Այնտեղ ներկայացրեցինք Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, ինչ է տեղի ունեցել, ինչ իրավական և քաղաքական իրավիճակ ունենք և մեր պատկերացումները, մոտեցումները, թե ինչ ռազմավարությամբ պետք է առաջ գնանք, ինչ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ պետք է մեր առջև դնենք և թե Սփյուռքն ինչպես կարող է աջակցել մեզ»։

Բեգլարյանը հավելել է, որ բարձրացրել են ադրբեջանական ցեղասպանական ռեժիմին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։

«Մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրացրել և քննարկել տարբեր կազմակերպությունների հետ։ Եվ, իհարկե, մի շարք այլ հարցեր, որոնք մարդասիրական խնդիրների լուծմանն են առնչվում»,- ընդգծել է նա։

Armenia Today