The Geopolitics․ ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՐԱՑՈՒՅՑ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ի պաշտպանություն Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ սպառազինությունների մատակարարման համաձայնագրի, ընդգծելով ազգային անվտանգության և երկրի պաշտպանության ապահովման իրավիճակային անհրաժեշտությունը։ Ադրբեջանը դեմ է սրան՝ ռազմական աջակցությունները դիտարկելով որպես սպառազինությունների մրցավազքի սրում Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս իրադարձությունը նշանավորում է զգալի հեռացում Ռուսաստանից Հայաստանի վաղեմի կախվածությունից իր արտաքին քաղաքականությունում։ Այս մասին գրել է The Geopolitics պարբերականը։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ որպես Հնդկաստանի Հանրապետության 75-ամյակի տոնակատարության գլխավոր հյուրի, վերջերս կատարած այցելության ժամանակ երկու երկրները ներկայացրել են «պաշտպանական արդյունաբերության ճանապարհային քարտեզ»։ Երկու երկրները հասել են նկատելի համաձայնությունների տիեզերքում համագործակցության ոլորտում և պարտավորվել միասին աշխատել պաշտպանական տեխնիկայի արտադրության (ուղղաթիռներ, սուզանավեր) ոլորտում՝ Հնդկաստանի զինվորականների և «բարեկամական երկրների» համար։

Այս գործընկերության կարևոր ուղղություններից մեկը Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունն է։ Ֆրանսիան բազմիցս աջակցել է Հնդկաստանի մշտական անդամությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին։

2021թ. կնքվել է համաձայնագիր ռազմական պոտենցիալի համատեղ զարգացման և Հնդկաստանի Զինված ուժերի արդիականացմանը Ֆրանսիայի օգնության մասին։

Ֆրանսիայի և Հնդկաստանի ռազմավարական դաշինքի հիմքը անվտանգության համապարփակ մոտեցումն է, որն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական հատվածները։

Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև արդեն կա համագործակցության եռակողմ կառուցվածք (Ֆրանսիա-Հնդկաստան-ԱՄԷ մոդելը), որը կարելի է կիրառել նաև Հայաստանի պարագայում՝ ստեղծելով նոր ռազմավարական եռակողմ առանցք։ Ֆրանսիայի, Հնդկաստանի և Հայաստանի միջև նման դաշինքը կհենվի նրանց ազգային անվտանգության ընդհանուր նպատակների վրա և կլուծի խնդիրները գլոբալ մակարդակում, ինչն էլ ավելի կամրապնդի նրանց ռազմավարական նպատակները։

Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերություններում ակնհայտ է զգալի տեղաշարժ դեպի ավելի սերտ ռազմական և ռազմավարական համագործակցությունը, ինչի մասին վկայում է զենքի վերաբերյալ խոշոր գործարքի ստորագրումը։ Ֆրանսիան ցուցադրում է իր հավատարմությունը Հայաստանի պաշտպանական պոտենցիալի ամրապնդմանը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում, ի պատասխան Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների, «երկիր-երկինք» դասի ժամանակակից հրթիռներ և ռադիոլոկացիոն տեխնոլոգիաներ մատակարարելով։

Այս ռազմավարական դաշինքը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը նրանց հավատարմության վկայությունն է։

Քաղաքական կապերը հարաբերությունների գլխավոր հիմքն են, ինչի մասին է վկայում Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և նրա համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան վեճի միջնորդության ժամանակ։

Տնտեսական առումով գործընկերությունը հուսալի է և ընդլայնվող, մանավանդ հաշվի առնելով ընթացիկ գլոբալ խնդիրները։ Առևտուրը երկու երկրների միջև պահպանել է զգալի աճ՝ չնայած COVID-19 համավարակի ու 2020թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակվա անկմանը։ Շնորհիվ ներդրումների հիմնականում կենսականորեն կարևոր ճյուղերում, ներառյալ բանկային գործը, ջրային տնտեսությունն ու պարենային ոլորտը, Ֆրանսիան 2016-ից մնում է Հայաստանում մեծությամբ երկրորդ օտարերկրյա ներդրողը։

Մշակութային և տնտեսական առումներով երկու երկրները ևս ամրացրել են կապերը տարբեր նախագծերի միջոցով։ Այդ գործընկերության ուղղություններից մեկն է նաև ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների մարզերի միջև։

Այս հարաբերություններն ունեն հետագա զարգացման պոտենցիալ և օգուտ կբերեն երկու կողմերին առաջիկայում։ Դա նաև կարող է մոդել ծառայել համագործակցության բարելավման համար ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում։

Հայաստանի և Հնդկաստանի միջև կապը վերջին ժամանակներս զգալիորեն ընդլայնվել և դիվերսիֆիկացվել է, ինչին նպաստել են մի շարք համատեղ և ռազմավարական ջանքեր։ Հարաբերությունների ամրապնդումն ակնհայտ է մի շարք ոլորտներում, ինչպիսին են տնտեսական համագործակցությունը, տեխնոլոգաները և պաշտպանությունը։

Այս ընդլայնվող գործընկերության առանցքային բաղադրիչը պաշտպանական արդյունաբերությունն է։ Հնդկաստանը վերջերս դարձել է Հայաստան զենքի կարևոր մատակարար, ինչը նշանավորել է նոր դարաշրջան երկկողմ հարաբերություններում։ Այս ձեռքբերումները Հայաստանի ռազմավարական տեղաշարժի մի մասն են իր պաշտպանական գնումների դիվերսիֆիկացման գծով, որոնք պատմականորեն խիստ կախված էին Ռուսաստանից։ Աճող պաշտպանական համագործակցությունը ռազմավարական քայլ է երկու երկրների համար, որոնք փորձում են բարձրացնել Հայաստանի ռազմական պոտենցիալը և միաժամանակ ամրապնդել Հնդկաստանի դերը որպես ռազմական արտադրանքի նոր արտահանողի համաշխարհային մակարդակով։

Թվային նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում ևս ձեռք են բերվել զգալի հաջողություններ։ 2023թ. հունիսին Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների և Հայաստանի բարձրեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը ցուցադրում է հավատարմությումը փոխադարձ տեխնոլոգիական զարգացմանը։ Այդ համաձայնագիրն ուղղված է թվային լուծումների և փորձի փոխանակման աջակցությանը՝ նպաստելով թվային փոխակերպմանը երկու երկրներում։

Տնտեսական փոխգործակցությունում ևս նկատվում է աճ, չնայած ոչ երկրաչափական պրոգրեսիայով։ Հայաստանը վերջերս հետաքրքրություն է հայտնել ինտեգրելու իր վճարային համակարգերը հնդկական միասնական վճարային ինտերֆեյսում (UPI), ինչը կհեշտացնի ֆինանսական տրանզակցիաները երկու երկրների միջև։ Այս քալը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հնդկական աշխատուժի աճող ներկայությունը Հայաստանում։

Ֆրանսիայի, Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող ռազմավարական համագործակցությունը արտացոլում է ազգային շահերի և գլոբալ ջանքերի համադրումը փոխադարձ անվտանգության և առևտրի և համագործակցության ընդհանուր ձգտումների ուղղությամբ։ Այս եռակողմ հարաբերություններն անշեղորեն սկսում են ազդել ժամանակակից աշխարհաքաղաքականության վրա՝ ցուցադրելով բազմաչափ համագործակցության դինամիկ մոդել։

Ֆրանսիան և Հնդկաստանը, որոնք զարգացած պաշտպանական պոտենցիալ ունեն, լրացնում են Հայաստանի՝ իր ռազմական դաշինքներն ընդլայնելու ձգտումը։ Այս պաշտպանական համագործակցությունը դուրս է գալիս պարզ սպառման շրջանակից, սա Հայաստանն ավելի համապարփակ անվտանգության համակարգի մեջ ներառելու քայլ է, որը դուրս է գալիս նրա փոփոխվող ազգային սահմանների շրջանակից։

Տնտեսական տեսակետից գոյություն ունեն բավական շատ հնարավորություններ համագործակցությունն ընդլայնելու համար։ Ֆրանսիան ներդրումների ոլորտի իր փորձով, Հնդկաստանն իր տեխնոլոգիաներով և շուկայական հնարավորություններով և Հայաստանն իր ռազմավարական դիրքով ու աճող տնտեսությամբ ստեղծում են դինամիկ հիմք ժամանակակից տնտեսական աճի համար։

Այս նոր եռակողմ գործընկերությունը նշանակում է ռազմավարական շրջադարձ երկկողմ հարաբերություններից դեպի գլոբալ մարտահրավերների համալիր մոտեցում։ Կա երեք երկարաժամկետ նպատակ՝ Ֆրանսիայի հավանությունը Հնդկաստանի դերին, Հայաստանում Հնդկաստանի տեխնոլոգիական առաջընթացը և դեպի եվրոպական ինտեգրում Հայաստանի ձգտումը։

Ֆրանսիայի, Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվող ռազմավարական դաշինքը ցուցադրում է նոր հարացույց միջազգային հարաբերություններում։ Ներկայիս փոփոխվող ժամանակներում մշակութային տարբեր ժառանգություն և աշխարհաքաղաքական դիրք ունեցող երկրները աննախադեպ համագործակցություն են հաստատում։ Այս հեռանկարային սինթեզը ուղղված է բազմաբևեռ և հավասարակշռված աշխարհակարգի ձևավորմանը։

News.am