Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՔԱՆ ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՈՒ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑԸ

Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները քննարկում են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, սա շատ ավելի վտանգավոր է, քան անկլավների հարցը, քան նույնիսկ միջանցքի հարցը: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Հաշվի առնելով այն ազդակները, որ գալիս են իշխանական, իշխանամերձ շրջանակներից, մենք հասկանում ենք մի պարզ բան. Սահմանադրության փոփոխությունների նախագծի մեջ կարող է դրույթ լինել առ այն, որ Հայաստանն այլևս չեզոք երկիր է, մենք ապադաշինքային պետություն ենք և ՀՀ տարածքում օտարերկրյա ռազմական ուժեր չեն կարող լինել: Դա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս բոլոր գործողությունների վերջնանպատակը, այդ թվում Արցախը հանձնելը, Ռուսաստանը տարածաշրջանից հանելն էր: Բայց մեզ համար դա ֆիզիկապես վտանգ է ներկայացնելու, որովհետև այն ռազմաքաղաքական հովանոցը, որ երկար տարիներ մեր տարածքային ամբողջականությունն էր ապահովում, ոչնչացվելու է: Սա շատ ավելի կարևոր հարց է Ադրբեջանի և Թուրքիայի համար, որովհետև իրենք ուզում են ստանալ ամբողջական Հայաստանը, ոչ թե առանձին վերցրած միջանցքը»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հասնել նրան, որ ՀՀ Սահմանադրությամբ ֆիքսվի, որ Հայաստանը այլևս ռազմաքաղաքական հովանոց չունի, Հայաստանն աշխարհաքաղաքական առումով որբ է, ինքը դաշնակիցներ չունի, ՀՀ տարածքում չկան ուժեր, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել Հայաստանին:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում հակառուսականությունը շատ վտանգավոր կետի է հասնում, շիզոֆրենիայի ենք հասնում: Մասնավորապես, մոտակա օրերին նախատեսված է սահմանապահ ծառայության գլխավոր շենքի դիմաց ակցիա իրականացնել: Այդ ակցիայի կազմակերպիչները իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված նույն օրակարգն են սպասարկում»,-ասաց նա:

Գնում ենք երրորդ հանրապետության լուծարման առանց 4-րդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների

Մենք շատ ավելի վտանգավոր իրադարձությունների շեմին ենք, քան մարդկանց կարող է թվալ,- նշեց քաղաքագետը:

«Ես պնդում եմ, որ մենք նախանձելու ենք արցախահայերին, որովհետև իրենք փախչելու տեղ ունեին, մենք ո՞ւր ենք գնալու, եթե իշխանությունները տանեն պետականության լուծարման: Ես հասկանում եմ, որ ոմանց համար դժվար է սա ընկալել, բայց մենք այդ ուղղությամբ ենք գնում: Եթե ավելի մեղմացնեի, ես այսպես կասեի. Մենք գնում ենք երրորդ հանրապետության լուծարման առանց 4-րդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների: Սա շատ ակնհայտ է»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ մինչ այս պահը ազդակներ չի տեսնում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ունի ծրագիր. «Բայց այն, որ իրենք չեն ուզում Հայաստանից դուրս գալ, մենք այլ ազդակներով ենք հասկանում: Հարավային Կովկասի մաս է նաև Աբխազիան, որտեղ Ռուսաստանը ծովային ռազմաբազա է հիմնում: Մենք տեսնում ենք, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր է կնքել, իսկ ԵԱՏՄ-ի միկ երկիրը, որի հետ ցամաքային սահման ունի Իրանը, Հայաստանն է: Վերջերս իմացանք նաև, որ էներգետիկ կամուրջ կառուցելու վերաբերյալ բանակցություններ են գնում: Այսինքն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այստեղից դուրս գալու ծրագրեր չունի: Իսկ Հայաստանի իշխանությունները դրան դեմ գործողություններ են անում: Պարզ է, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ հակազդելու է դրան: Ինչպես է հակազդելու, ես չգիտեմ»,- ընդգծեց նա:

News.am-ի նյութերով