Իրանցի փորձագետ․ ՀՀ-ն և Իրանը պետք է պաշտպանության և անվտանգության պայմանագիր կնքեն

Հայաստանն ու Իրանը պետք է վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև կնքեն համատեղ պաշտպանության և անվտանգության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին Թեհրանում ընթացող «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը տարածաշրջանային և անդրտարածաշրջանային սպառնալիքների ենթատեքստում» սեմինարի ժամանակ:

Ըստ նրա` համատեղ պայմանագրերի կնքումը Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամից դուրս գալու և ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու միակ ելքն է։

Նա նշել է, որ Իրանը բազմիցս է լիակատար պատրաստակամություն հայտնել ՀՀ–ի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր:

«Զանգելանի (Կովսական,–խմբ.) միացումը Նախիջևանի հետ քաղաքական և հպանցիկ հարց չէ»,–նշել է Քարիմին` հավելելով, որ Բաքվի և Անկարայի համար դա աշխարհաքաղաքական և մշտական հարց է, և նրանք միշտ ձգտում են իրագործել այդ ծրագիրը։

Նրա կարծիքով` Հայաստանն այժմ գտնվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (1921 թ.) գրեթե միևնույն իրավիճակում։

Փորձագետի համոզմամբ` այսօր Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության մասին դաշնագրի կնքման լավագույն պատմական պահն է:

«Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր պաշտպանունակությունը և անվտանգությունը։ Իրանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Երևանի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր, և գնդակն այժմ Երևանի դաշտում է»,– նշել է նա։

Sputnik Արմենիա