Աշոտ Դանիելյանի մանկության ընկեր․ Նրա մոտ թմրանյութ չեն գտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաստաբանն արդեն ներկայացրել է, որ Աշոտ Դանիելյանի մոտ ոչ մի բան չի հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտ Դանիելյանի մանկության ընկերը՝ Նարեկը: Արցախցիները բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:
«Քաղաքի կենտրոնում ոստիկանները ոչ ոստիկանական մեքենաներով նրան ձերբակալել են և արդեն տեսնում եք, որ մեկ օր է՝ այստեղ է: Մենք չգիտենք՝ պատճառները որոնք են: Սպասում ենք փաստաբանը կգա, կճշտենք, մանրամասները կներկայացնենք:
Ենթադրություն չեմ կարող ասել, բայց եթե քաղաքի կենտրոնում ԱԺ նախագահը թքում է քաղաքացու երեսին և դրան հետևանքներ չի լինում... ինձ թվում է, որ արցախցին նեղված է եղել, և երեկվա տեղի ունեցած հետ կապված ձերբակալման ոչ մի հիմք չկա: Արցախի տեղեկատվական շտաբով հայտարարությունը եղել է, ներողությունը խնդրվել է, դրա հետ կապված ոչ մի բան չպետք է լինի:
ՀՀ իշխանությունների կողմից սեպտեմբերի 20-ից սկսած արցախցիներին մեկան թողնելը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ամեն ինչ ասում է: Արցախցիներին թողել են մենակ: Հայաստանի ժողովուրդը արցախցիների կողքին է, բայց իշխանությունը՝ ոչ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու և իրացնելու մեջ: