ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ՝ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԿՆՀԱՅՏ ԿՈՉԻ ՀԱՄԱՐ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ենթարկվել է քննադատության այն բանից հետո, երբ պաշտոնյաները բիզնես-շրջանակներին կոչ են արել օգնել վերականգնել Ադրբեջանի «վիճելի շրջաններն այն բանից մի քանի շաբաթ անց, երբ Լեռնային Ղարաբաղի ռազմական զավթումը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 հայերի փախուստին», գրել է The Guardian-ը։

«Անցած տարվա նոյեմբերին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ և բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչները օնլայն հանդիպում էին ունեցել բրիտանական բիզնեսի առաջնորդների հետ, որպեսզի ընկերություններին հրահրեն օգտվել «հիանալի հնարավորությունից»՝ աջակցելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերականգնման ծրագրին։

Բիզնեսի զարգացման ցանցի կազմակերպած միջոցառումը տեղի է ունեցել այն բանից վեց շաբաթ հետո, երբ Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանը, ինչի հետևանքով 120 000 էթնիկ հայեր տարածաշրջանից հեռացան հարևան Հայաստան։

Վերջին տարածքային վեճը, որն առաջացել էր տարածաշրջանում հակամարտության տասնամյակներից հետո, հայերին ստիպեց մեղադրել Ադրբեջանին «էթնիկ զտման» մեջ, բայց Ադրբեջանը մերժում է այս պնդումը։

Բաքվի ռազմական գործողություններից մի քանի օր հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակայնորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղում Ալիևի վարչակարգի «անընդունելի ուժի կիրառումը» և նախազգուշացրեց, որ այն «սպառնալիքի տակ է դրել ամուր խաղաղությունը տարածաշրջանում»։

Բայց օնլայն հանդիպման տեսագրությունը, որը Guardian-ին ներկայացրել են Global Witness ընկերության մասնակիցները, ներառում է Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, որը կոչ է անում օգտվել «այդ երկրի արևմտյան մասի ֆինանսական հնարավորություններից, որն անհրաժեշտ է վերականգնել»։

«Ադրբեջանի կառավարությունն աջակցում է այն բանին, ինչն անվանում է «մեծ վերադարձ», որը, ըստ էության, [ներքին տեղահանված] 700 000 անձանց հնարավորություն է տալիս փաստորեն վերադառնալ Ղարաբաղ։ Այնպես որ, իրականում դուք հիանալի հնարավորություն ունեք»,- ասել է պաշտոնյան։

Պարզ չէ, թե արդյոք պաշտոնյան նկատի ուներ հենց Լեռնային Ղարաբաղը, շատ ավելի մեծ Ղարաբաղյան տարածաշրջանի մի մասը։ Ալիևը Ղարաբաղի տարածաշրջանի «ազատագրված շրջանների» վերականգնման ծրագրերը դրել է Ադրբեջանի արևմուտքի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Նա հայտարարել է, որ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի բոլոր տեղահանված քաղաքացիները վերադառնան Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, որտեղ ապրել են ավելի վաղ։

Երկրորդ կառավարական պաշտոնյան բիզնեսի առաջնորդներին հայտնել է. «Իրականում այստեղ հիանալի հնարավորություն կա։ [Դա] պարզապես դատարկ հող է, որը կարելի է կառուցապատել զրոյից»։

«Փակ դռների հետևում Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումն անվանում է «հիանալի հնարավորություն»։ Ո՞ր դարում են ապրում այդ պաշտոնյաները։ Դա հիանալի հնարավորություն չէ ոչ Մեծ Բրիտանիայի, ոչ այն մարդկանց համար, ովքեր տեղահանվել են»,- ասել է Global Witness կազմակերպության ավագ ակտիվիստ Ջոնաթան Նորոնհա-Գանթը։

Ձայնագրության մեջ առաջին պաշտոնյան հայտնում է, որ բրիտանական ընկերությունները « լավ հնարավորություն ունեն» Ադրբեջանի կառավարության հետ համագործակցելու համար՝ ենթակառուցվածքի վերաբերյալ խորհուրդներ տալու առումով, «այն կառավարությանը, որը ֆինանսական միջոցներ ունի, հաշվի առնելով այն, որ նա շատ մեծ էներգետիկ պաշարներ ունի»։ Ադրբեջանն աշխարհում ամենամեծ գազային հանքավայրերից մեկը՝ «Շահ Դենիզն» ունի Կասպից ծովում, ինչպես նաև Եվրոպա գազի արտահանման աճող հնարավորություններ։

Պաշտոնյան նաև նշել է, որ կա «իրական հնարավորություն, ինչպես քաղաքական, որպեսզի խաղաղություն կնքվի [և] ստեղծվի իրավիճակ, որում այն մարդիկ, որոնք հեռացել են երկու կողմից, վերադառնան, այնպես էլ տնտեսական՝ հենց երկրի ներսում»։

«Բրիտանացի պաշտոնյաների այս մեկնաբանությունները խեղաթյուրվել են։ Վերակառուցման քննարկումները վերաբերել են Մեծ Բրիտանիայի կառավարության հանրային աշխատանքին նոր քաղաքների հնարավոր ապագա զարգացմանն օգնություն ցուցաբերելու հարցում, որոնք կառուցվելու են նրանց համար, ովքեր հարկադրված թողել են իրենց տները հակամարտության տասնամյակների ընթացքում։ Մեծ Բրիտանիան չի մասնակցում առևտրային գործունեությանը կամ Լեռնային Ղարաբաղի տարածքի վերականգնման ջանքերին, որն Ադրբեջանը վերադարձրել է 2023թ. սեպտեմբերի ռազմական գործողության արդյունքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ «Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել կայունության և ամուր խաղաղության աջակցման ուղղությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունից հետո»։

Անցած տարի The Guardian-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի բաժինը երկու խոշոր նավթագազային նախագծերում, որոնք կառավարում է BP բրիտանական նավթային ընկերությունը, նրա կառավարությանը բերել է մոտ 35 մլրդ դոլար, ինչն ավելի քան չորս անգամ գերազանցում է նրա ռազմական ծախսերը 2020թ. սկսած, երբ բռնկվեց պատերազմը։

Նման համաձայնությունները սովորական երևույթ են նավթագազային ճյուղում՝ որպես հանածո վառելիքի նախագծերի մշակման ռիսկն ու շահույթը կիսելու միջոց օտարերկրյա ընկերությունների և հյուրընկալող պետության միջև։

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի խոսքով՝ BP-ն նախատեսում է նաև կառուցել արևային էլեկտրակայան 240 ՄՎտ հզորությամբ, Ադրբեջանի «ազատագրված հողերում»։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը վերջերս հանդիպել է BP ընկերության արտադրության ղեկավար Գորդոն Բիրելի հետ, որպեսզի քննարկի Sunrise արևային էներգիայի նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել Ջեբրաիլ ուրվական-քաղաքի մոտ, որը ավերակների մեջ է մնացել 2020թ. ղարաբաղյան պատերազմից հետո։

«Սա հիանալի հնարավորություն է BP-ի համար՝ էլ ավելի մոտենալու ադրբեջանական դիկտատուրային, ոչ ավելին»,- ասել է Նորոնհա-Գանթը։

Global Witness-ը BP-ին նախազգուշացրել է, որ իր ներդրումները անուղղակիորեն օգնել են ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական ագրեսիան վիճելի տարածքի էթնիկ հայերի դեմ։ Ավելի վաղ BP ընկերությունը հայտնել էր, որ աջակցում է «հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով է, որ վերջնական որոշումը շուտով կգտնվի»։ Ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Մեծ Բրիտանիայի պաշտոնական անձանց տեսահանդիպումը կամ նրա պլանները Sunrise արևային նախագծի կառուցման վերաբերյալ»։

News.am