Լըկորնյու․ Ֆրանսիան պաշտպանական ոլորտում ՀՀ-ին առաջարկ կանի՝ ելնելով երկրի կարիքներից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն է, որ Ֆրանսիան պետք է աջակցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը, այս պահին առաջնահերթությունը պաշտպանական սպառազինությունների ձեռքբերումն է և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար։ ՊՆ վարչական համալիրում համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։

«Ելնելու ենք Հայաստանի օպերատիվ կարիքներից մենք պետք է համապատասխան առաջարկներ անենք՝ հաշվի առնելով այդ կարիքները»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք կդիտարկվի՞ Հայաստանում սպառազինության արտադրություն սկսելու հարցը։

Նախարարը շեշտեց՝ Ֆրանսիայի առանձնահատկություններից մեկն այն է, որ բանակի կողմից սպառվող ամեն ինչ հենց ֆրանսիական արտադրության է, ինչը հնարավորություն է տալիս ինքնավար որոշումներ կայացնել արտահանումների վերաբերյալ։ Նա շեշտեց՝ խոսքը բացառապես վերաբերում է պաշտպանական սպառազինություններին, մինչդեռ սոցիալական ցանցերում երբեմն Ֆրանսիայի դիրքորոշումն աղավաղվում է։

Sputnik Արմենիա