Կրեմլը Ուկրաինա արևմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ և ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա արևմտյան ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եթե դա տեղի ունենա, ապա ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ոչ թե հավանականության, այլ անխուսափելության մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք նաև արձանագրել ենք, որ կարծիքների շատ լայն շրջանակ կա այս հաշվով, իսկապես կոնսենսուս չկա։ Այդ միջոցառման մասնակից երկրների մի ամբողջ շարք Փարիզում բավական սթափ գնահատական է տալիս նման գործողության պոտենցիալ վտանգներին և թեժ հակամարտությանը, արդեն մարտադաշտում անմիջական ներգրավման պոտենցիալ վտանգին։ Դա, իհարկե, բոլորովին չի բխում այդ երկրների շահերից, նրանք պետք է իրենց հաշիվ տան դրանում»,- ասել է Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Էմանուել Մակրոնը Փարիզում Եվրոպայի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին և հայտնել, որ պատերազմում Ռուսաստանի հանդեպ հաղթանակի հասնելու համար չի բացառվում երկիր արևմտյան ցամաքային զորքերի ուղարկումը։

News.am