Տավուշի թեմի առաջնորդ․ Մենք ապրում ենք անպատվության պայմաններում
Մեր կենսագրության մեծ մասը թալանվել է, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան։ Այս մասին ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին և Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։
Գալստյանը հիշեցրել է, որ այժմ Մեծ պահքի շրջանն է, և հիշատակել է անառակ որդու առակը, որը խորհրդանշում է անկումն ու հետագա վերականգնումը։ «Մենք ապրում ենք անպատվության, թալանված ուրախության պայմաններում։ Կորսվել է մեր հայրենիքի հրաշք անկյունը՝ Արցախը, թափվել է մեր հազարավոր որդիների արյունը, թշնամու բանտում են ռազմաքաղաքական ղեկավարությունը և մեր ժողովրդի զավակները, թշնամին օրակարգ է թելադրում»,- թվարկել է Բագրատ Գալստյանը։
Օրհներգի բառերը մեջբերելով՝ Գալստյանը կոչ է արել ընտրել անմահությունը, ոչ թե մահը, և դեպի այն տանող ճանապարհը՝ մի կողմ նետելով վախը, հրաժարվել ծնկաչոք ապրելուց։ «Ամեն մեկը պետք է մտածի իր անմահության մասին։ Մի ժամանակ մենք բոլորս կմահանանք, և դա այդպես է։ Այլ բան տրված չէ։ Կհաղթեն նրանք, ովքեր կկանգնեն անմահության ճանապարհին։ Թալանվել է մեր կենսագրության մեծ մասը, մենք պետք է թույլ չտանք, որ թալանեն մեր ապագան»,- ասել է Գալստյանը՝ կոչ անելով մի կողմ թողնել համակրանքներն ու հակակրանքները, թողնելով միայն սերն առ Հայրենին։
News.am