ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ՅՈՒՐԻ ՆԱՎՈՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼՈՎ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 2024 թ փետրվարի 27-ի հրամանագրով ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար» մեդալով։

Յուրի Նավոյանը տևական ժամանակ զբաղվում է միջազգային հարաբերությունների, հայ-ռուսական համագործակցության և հայկական սփյուռքի հարցերով։

Նրա նախաձեռնած ծրագրերը հասարակական դիվանագիտության միջոցով նպաստում են հայ-ռուսական երկխոսության դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, միջմշակութային և գիտակրթական փոխանակման խորացմանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև համակարգային հարաբերությունների ամրապնդմանը։

Յուրի Նավոյանը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է։ Ավարտել է նաև Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտական դասընթացները (Ստրասբուրգ), փորձաշրջան է անցել Հարվարդի համալսարանի Իրավաբանական դպրոցում (Բոստոն), Դանիայում և Շվեդիայում։ Ղեկավարել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության Սփյուռքի բաժինը, «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպությունը, իսկ 2017 ապրիլին համախոհ քաղաքագետների հետ միասին հիմնադրել է ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը։

Վեջին տարիների խոշոր ծրագրերից, որոնք իրագործվել են նրա ղեկավարությամբ, կարելի է առանձնացնել Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (РСМД) հետ համատեղ անցկացվող ամենամյա քաղաքագիտական կլոր սեղանները, Հայ-Ռուսական հումանիտար երկխոսության «Հերոսական բալլադ» նախագիծը, Գեղարքունիքի մարզպետի ղեկավարած պատվիրակության՝ Ռուսաստան և Օմսկի նահանգապետի ղեկավարած պատվիրակության՝ Հայաստան գործնական ծրագրերով փոխադարձ այցերի նախաձեռնումը և իրականացումը, «Բիբլիո-Գլոբուսի» հետ համատեղ Հայ-Ռուսական ակումբի հիմնադրումը, ԴԻԱԼՈԳ մատենաշարի ստեղծումը, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցաբար հայ-ռուսական համաձայնագրերի երկլեզվյա եռահատորյակի կազմումը և Երևանում ռուսական գրքի տան հետ միասին դրա հրատարակումը, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի և «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի հովանավորումը և այլն։

Նշենք, որ սա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Յուրի Նավոյանի երկրորդ պարգևատրումն է 2017 թվականին նա արժանացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» մեդալի։

Հատկանշական է, որ մինչ այդ՝ 2016 թվականին Յուրի Նավոյանը պարգևատրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալով։