Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց գրավի դիմաց
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց. դատարանը որոշեց ազատ արձակել նրան։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ալընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը չմերժեց` գեներալ–լեյտենանտն ազատ կարձակվի 5 մլն գրավի դիմաց։
ԳՇ պետի նախկին տեղակալի փաստաբանները նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդել էին, որ խափանման միջոցը փոխվի, կիրառվի վարչական հսկողություն կամ տնային կալանք։
«Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել, այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը` 5 մլն ՀՀ դրամ, և բացակայելու արգելքը։ Մեղադրյալ Տիրան Խաչատրյանին անհապաղ ազատ արձակել։ Գրավի գումարը ենթակա է վճարման ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Վճարումը հավաստող փաստաթուղթը եռօրյա ժամկետում պետք է ներկայացվի վարույթն իրականացնող մարմնին»,– նշեց դատավորը։
Որոշման հրապարակումից հետո դատարանում ծափեր հնչեցին։
Sputnik Արմենիա