«Սա դեռ վերջնական չէ, բայց գոհ եմ որոշումից». Տիրան Խաչատրյանը` ազատ արձակվելու մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը գոհ է կալանքից ազատ արձակվելու որոշումից։ Նա այդ մասին ասաց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ` պատասխանելով լրագրողների հարցերին։

Նշենք, որ քիչ առաջ դատարանն ազատ արձակեց Տիրան Խաչատրյանին և որպես խափանման միջոց ընտրեց 5 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։

«Սա դեռ վերջնական չէ, բայց միջանկյալ հատվածի համար այս որոշումից գոհ եմ։ Այն, ինչ տեղի է ունեցել, ու իմ սպասելիքը, որ հենց այսպիսի որոշում պետք է լիներ, այդքան էլ սա չէր։ Դեռ դատաքննություն է ընթանալու, մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց ցուցմունքներում էլ ասել եմ` ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ես բնույթով, բնավորությամբ և էությամբ այդպիսի մարդ չեմ, որ ինձ նման արարք թույլ տամ»,– ասաց Խաչատրյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ կրակոց է հնչել, 1 անձ վիրավորվել է, գեներալ–լեյտենանտը պատասխանեց` հետագայում ամեն ինչ կպարզվի, թե այդ կրակոցն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, և ինչպես է այդ անձը վիրավորում ստացել։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը վստահեցրեց` ինքը որևէ մեկին վնասելու, առավել ևս վիրավորելու փորձ չի արել, չնայած որ շատ ավելի վատ բաներ անելու հնարավորություն է ունեցել։

Խաչատրյանը դեռ նախաքննության ժամանակ կողմնակալ մոտեցում է նկատել իր նկատմամբ։ Նա հակված է մտածել, որ դա դա կապված է իր քաղաքական դիրքորոշման հետ։

Sputnik Արմենիա