«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ» ՀԱՍԱՎ ԻՐ ՈՒԶԱԾԻՆ. ՄԻՆՈՒՍ 40 ՄԻԱՎՈՐ ԱՐՑԱԽԻՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ

Ձմռան վերջին օրը Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր «Ազատությունն աշխարհում 2024» ավանդական ամենամյա զեկույցը, որում հիմնական եզրակացությունների թվում նշված են Ադրբեջանի ռազմական ագրեսիան և էթնիկ զտումներն Արցախում: Հիշեցնեմ, որ անցած տարի FH-ն մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնցում հստակ գնահատական է տվել իրավիճակին և կոչ արել օգնել հայկական հանրապետության բնակիչներին խուսափել ողբերգությունից. «Մինչ աշխարհը զբաղված է Ուկրաինայով, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը գտնվում է ավտորիտար պաշարման մեջ» (մայիս, 2023), «Լեռնային Ղարաբաղ. Ժողովրդավարական աշխարհը պետք է գործի՝ Մարդու իրավունքները պաշտպանելու և էթնիկ զտումները կանխելու համար» (11 սեպտեմբերի, 2023)։

Անցած տարվա նոյեմբերին հրապարակված հայտարարությունը կոչվում էր «Բաքվի թշնամանքը չի հանդարտվել Լեռնային Ղարաբաղի անկումից հետո»: Իսկ փետրվարի 29-ին կազմակերպության թվով 51-րդ զեկույցում արձանագրված է. «Եվրասիայում ազատությունը 2023 թվականին նվազել է՝ ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի նվաճման խորապատկերին»։

«Վիճելի տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոտնահարումը ազատության նվազման է հանգեցրել այդ իրադարձությունների շոշափած երկրներում, այդ թվում՝ որոշ ժողովրդավարական երկրներում։ Վիճելի տարածքներում բռնաճնշումների համար մեղավոր են հիմնականում ավտորիտար ռեժիմները։ Մարդու իրավունքների ոլորտում իրադրության վարկանիշը ամենից առավել նվազել է Լեռնային Ղարաբաղում (…)։

Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղի պետական ինստիտուտների լուծարման և ավելի քան 120 000 հայերի բռնի տեղահանման, ինչը օտարերկրյա բազմաթիվ դիտորդներ բնորոշեցին որպես էթնիկ զտում: Արդյունքում մինչ այդ մասնակի ազատ տարածքում գրանցվեց 2023 թվականին աշխարհում վարկանիշի ամենամեծ անկումը՝ ընդհանուր առմամբ 40 միավորով»,- ասվում է զեկույցում։

Դե ինչ, ժողովրդավարական աշխարհը, որը եռանդագին մաքառում էր Արցախը բռնապետի և ռազմական հանցագործի գլխավորած ավտորիտար Ադրբեջանին հանձնելու համար, կարող է գոհ լինել. հայկական հանրապետությունը դադարեց «մասնակի ազատ» լինել և դասվեց «անազատ» տարածքների կարգին։ Կարելի է շնորհավորել Եվրամիության ղեկավարությանը՝ պրն Միշելին ու Բորելին, տիկին ֆոն դեր Լյայենին, ինչպեսև պարոն Բլինքենին, որոնք այնքա՜ն ջերմեռանդորեն են պայքարում հանուն ժողովրդավարության և Մարդու իրավունքների. այդ թվում նաև նրանց ջանքերով աշխարհում պակասեց մասնակի ազատ մեկ պետություն:

Փոխարենը մեծացավ դիկտատուրայի, ավտորիտարիզմի և բռնապետության տարածման արեալը՝ դրա ամենանողկալի և արտառոց դրսևորումներից մեկով, ի դեմս ժամանակակից Ադրբեջանի սուլթանության։ Ինչպես պարզվեց, վերոնշյալ պարոնայք ու իրենց գործընկերները պաշտպանում են Մարդու ազատություններն ու իրավունքները բացառապես խոսքով, իսկ գործնականում պատրաստ են հանգիստ զոհաբերել զարգացող երիտասարդ ժողովրդավարությունը, երբ խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական շահերին ու նպատակներին:

Տարիներ շարունակ Freedom House-ը իր «Ազատությունն աշխարհում» վարկանիշում ներառել է Արցախի Հանրապետությունը առանձին տողով՝ նշելով որպես երկիր կամ վիճելի տարածք և դրանով իսկ կատաղություն ու հիստերիա հարուցելով Ադրբեջանում: Բաքվում մոլեգնում էին ոչ միայն Արցախը Ադրբեջանի կազմից դուրս նշելու, այլև այն բանի համար, որ հայկական հանրապետությունը մշտապես անհամեմատ ավելի լավ արդյունքներ է ցուցաբերել և միշտ հայտնվել տարածաշրջանի «Մասնակի ազատ երկրներ» բաժնում՝ Հայաստանի և Վրաստանի հետ մեկտեղ։ Մինչդեռ Ադրբեջանը նույնքան անփոփոխ դասվել է «անազատ երկրների» շարքը՝ շատ ավելի ցածր ցուցանիշներով։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ. 2018 թվականից ի վեր Արցախը մշտապես բարձրացրել է մոնիտորինգի արդյունքը. թեկուզ ընդամենը մեկ միավորով, բայց վարկանիշը բարելավվել է։ 2018-ին՝ 30 միավոր 100-ից, 2019-ին՝ 31, 2020-ին՝ միանգամից 34, 2021-ին՝ 35, և սա՝ դաժան պատերազմի և հսկայական կորուստների խորապատկերին, 2022-ին՝ 36, 2023-ին՝ 37 միավոր 100-ից, այն էլ սկսված շրջափակման պայմաններում։

Այդ բոլոր տարիներին Ադրբեջանի վարկանիշը մշտապես նվազել է։ 2019 թվականին ունեցած 11 միավորից սուլթանությունը 2024-ին գլորվեց 7-ի: Արցախն այս տարի ունի մինուս 3 միավոր, այսինքն՝ ամբողջ 40 միավորի կորուստ, և առաջին անգամ՝ «անազատ» տարածքի կատեգորիա։ Ցուցանշական է, որ հանրապետությունը զեկույցում, անկախ ամենից, այնուամենայնիվ նշված է առանձին տողով։

Մարդկային, տարածքային, մշակութային ու հոգևոր ժառանգության աղետալի կորուստների պայմաններում, ցեղասպանության և հայրենազրկման խորապատկերին ազատության վարկանիշն, իհարկե, այնքան էլ կարևոր չէ։ Բայց տասնամյակներ շարունակ (մինչև 2018թ.) հայկական կողմը մատնանշել է Արցախի և Ադրբեջանի տարբերությունը ժողովրդավարական զարգացման հարցում՝ ընդգծելով, որ այդ տեսանկյունից նույնպես չի կարելի հանձնել բարեփոխումների ճանապարհոով նպատակաուղղված շարժվող հանրապետությունը Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման առումով աշխարհում վատթարագույն ցուցանիշներից մեկն ունեցող տոտալիտար երկրին:

Հիմա երջանի՞կ եք, վայ-ժողովրդավարներ: Եվրոպայի Խորհուրդը՝ շքամուտքին «Եվրոպայի ժողովրդավարական խիղճ» մեծադղորդ գրությամբ, ԵԱՀԿ-ն, որը տասնամյակներ շարունակ այդպես էլ քաղաքական խիզախություն չունեցավ հակամարտությունը սեփական հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու համար, ՄԱԿ-ը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որը վաղուց վերածվել է ոչինչ չարժեցող թղթի կտորի... Գո՞հ եք, վերջապես: Հանգստացա՞ք։

Freedom House-ի 2023 թվականի մայիսի 15-ի հայտարարության մեջ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղում ներկայիս ճգնաժամը հումանիտար բնույթ է կրում, սակայն հիմնական հակամարտությունը ծագում է սեփական հողի վրա ազատության և ինքնակառավարման ձգտող մարդկանց համայնքի և ավտորիտար ագրեսորի միջև, որն ավելի շուտ կսպանի կամ կվտարի նրանց, քան կճանաչի նրանց հիմնական իրավունքները»:

Դե ինչ, կազմակերպությունն ասես տեսնում էր ապագան. ընդամենը 4 ամիս անց հայրենի հողի վրա ազատության ու ինքնակառավարման ձգտող մարդիկ դաժանորեն վտարվեցին ավտորիտար ագրեսորի կողմից։ Միակ բանը, որ մոռացել էին նշել FH-ի փորձագետները, այն է, որ դա տեղի է ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի ոչ միայն պարզապես լռության ու անտարբերության պայմաններում, այլ նաև նրա ջանքերով և միանշանակ հավանությամբ: