«Ժողովուրդ». ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՄ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումները սերիաներով են տեղի ունենում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կրկին վարչապետն ու նախարարները գնալու են խորհրդարան՝ իշխանական թևի պատգամավորների հետ փակ հանդիպման:

Սա վերջին օրերին ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի արդեն երրորդ հանդիպումն է:

Իսկ ի՞նչ են քննարկում իշխանականները ինտենսիվ այս հանդիպումների ժամանակ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՔՊ-ում օրակարգային թեման Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, ու վարչապետի հետ հանդիպումների ժամանակ այս հարցն են քննարկում:

Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման օրակարգում ևս այս հարցն է եղել:

Մեր տեղեկություններով՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու գործընթացի հիմնական կուրատորը հենց ԱԽ քարտուղարն է լինելու:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Նիկոլ Փաշինյանը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել այս հարցը, ուստի չի բացառվում, որ սեղմ ժամկետում Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնի: Իսկ թե այդ հերթում ինչքան կսպասի, դժվար է ասել»:

News.am