ԱՄՆ-ը Գազայում նավահանգիստ կկառուցի Կիպրոսի ծովային ջրերով անկլավին օգնություն հասցնելու համար

ԱՄՆ վարչակազմը որոշել է Գազայի հատվածում նավահանգիստ ստեղծել Կիպրոսի ծովային ջրերով անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

«Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում կհայտարարի, որ ԱՄՆ զինվորականներին հանձնարարել է արտակարգ առաքելություն իրականացնել՝ Գազայում նավահանգիստ հիմնել, որը կիրականացվի համախոհ երկրների և գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ առաջին մատակարարումները կիրականացվեն Կիպրոսի տարածքով՝ ԱՄՆ-ի զինվորականների և դաշնակիցների կոալիցիայի աջակցությամբ։

«Նախաձեռնության իրականացումը կտևի մի քանի շաբաթ։ Այն ուժերը, որոնք կներգրավվեն այս առաքելությանը, արդեն տարածաշրջանում են կամ մոտ ապագայում կտեղակայվեն այնտեղ»,- հավելել է նա։

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան նշել է, որ նախաձեռնությունը հիմնված է Կիպրոսի «Ամալթեա» կոչվող առաջարկի վրա։ Այն նախատեսում է Լառնակա նավահանգստում հարթակ ստեղծել օգնություն փոխադրելու նպատակով, որտեղ Իսրայելի պաշտոնյաների կողմից Գազա մեկնող բեռները կստուգվեն։

News.am