Ալիևը ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին «իսլամաֆոբիայի» մեջ է մեղադրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին մեղադրել է «իսլամաֆոբիայի» մեջ։
Հիշեցնենք, որ նման վիրավորական արձագանքը հաջորդեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելուն և Եվրախորհրդարանի բանաձևին։
Ալիևի ուղերձում Բաքվում ընթացող «Բազմազանության պաշտպանություն. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ասվում է, որ «այսօր Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Իսլամաֆոբիայի քարոզչություն և այս գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն վարող հարթակներ են դարձել», իսկ Սա ընդգծում է, որ «ներկայիս բացասական միտումը դրսևորվում է համաշխարհային որոշ մեդիա կառույցների գործունեության մեջ»։
Միևնույն ժամանակ, Ալիևը Հայաստանին մեղադրել է «Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ»։ «Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար նման բնույթի անհիմն մեղադրանքներ է առաջադրում, ինչպես նաև ոչ պակաս անհիմն պահանջներ Հայաստանում պետական մակարդակով պահպանվող իրանական մշակույթի հուշարձանների նկատմամբ։
News.am