«Հրապարակ». ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին ձևավորված Արցախի հարցով միջազգային հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը և հանձնախմբի մի շարք անդամներ մի քանի շաբաթ է արտերկրում են, ակտիվ հանդիպումներ են ունենում հայազգի և եվրոպացի քաղաքական տարբեր գործիչների հետ, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանձնախումբը, հիշեցնենք, ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ իրավունքների պաշտպանության հարցերով։

Արցախցի խորհրդարանականները սպասում են, որ մարտի կեսերին Օսկանյանը կվերադառնա Հայաստան և իրենց հետ հանդիպման ընթացքում կներկայացնի կատարված աշխատանքները: Բայց գիտեն, որ նախկին արտգործնախարարը վերականգնել է նախարարական ժամանակաշրջանի եվրոպական կապերը, առանցքային գործիչների հետ է հանդիպումներ ունեցել, այդ թվում՝ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։

Պատմում են, որ Օսկանյանը երեք օրվա մեջ 16 հանդիպում է անցկացրել: և հանձնախումբն այժմ զբաղված է միջազգային մանդատ ստանալու հարցերով: Քննարկումներ են ընթանում իրավաբանների հետ, որպեսզի իրավական ձևակերպումներ տան:

Ամենաարագ տարբերակը հասարակական կազմակերպություն գրանցելն է, սակայն հանձնախմբի ներկայացուցիչների կարծիքով ՀԿ-ն ցածր ստատուս է ենթադրում, պետք է հանձնախմբին միջազգային մանդատով շնորհել։ Ի դեպ, հանձնախմբի և իր հանդիպումների վրա Վարդան Օսկանյանը սեփական ֆինանսներն է ծախսում և չնայած առողջական խնդիրներին ամբողջությամբ նվիրվել է այդ գործին:»:

News.am