Չինաստանում հայտնել են, որ դժվար կլինի խուսափել «X հիվանդության» հայտնվելուց
«Դժվար կլինի խուսափել նոր պոտենցիալ հիվանդության ի հայտ գալուց, որը կոչվում է «Հիվանդություն X»», – շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման պետական վարչության ղեկավար Վան Հեշենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չնայած «X հիվանդության» առաջացումից դժվար է խուսափել, հնարավոր կլինի կանխել և հաղթահարել համաճարակը», – ասել է նա։
Ըստ Վան Հեշենի՝ պոտենցիալ «X հիվանդության» ամենակարևոր բնութագրիչները բարձր պաթոգենությունն են, տարածման բարձր արագությունը, հեշտությամբ մուտացիայի ենթարկվելու կարողությունը, ինչը շատ դժվար է դարձնում նոր հարուցիչի առաջացման վայրն ու ժամանակը կանխատեսելը:
Վան Հեշենը, վկայակոչելով փորձագետներին, նաև նշել է, որ «X հիվանդության» հետևանքով առաջացած համաճարակի ռիսկը շարունակում է աճել այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են կլիմայի գլոբալ փոփոխության արագացումը, մարդու գործունեության ընդլայնումը և պաթոգենների միջտեսակային փոխանցման ավելացումը:
Ավելի վաղ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում քննարկվել է «X հիվանդությունը», որը զոհերի թվով կարող է 20 անգամ ավելի մեծ լինել, քան կորոնավիրուսի համավարակը։ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ «հիվանդություն X» տերմինը գոյություն ունի երկար տարիներ, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ հատկություններ և պարամետրեր են այն բնութագրելու։
ShantNews.am