Փաշինյան․ Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից

Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ մենք կարող ենք որոշակի իրողություններ հաշվի առնելով` տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով` ինչ–որ փոփոխություններ անենք։ Նման հնարավորությունները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել»,–ասաց Փաշինյանը։

Ըստ նրա` եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։

Փաշինյանը նշեց, որ նաև այդ նպատակով է այցելություն ունենալու Տավուշի մարզ` տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու։

«Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, սակայն այս ամբողջ պրոցեսը պետք է կառավարենք իմ նշած վերոնշյալ տրամաբանությամբ։ Հետևելով մեր փորձագետների կարծիքներին` ես այն համոզման եմ, որ այստեղ կա շփոթ և մտածողության ու դիտանկյունի խնդիր։ Ես միշտ ասել եմ` երբ սահմանագծման և սահմանզատման գործընթացը հնարավորինս շուտ մտնեն ուժի մեջ` զուգահեռ երեք կարևոր պայման կապահովվի` տեղի ունեցող պրոցեսի իրավական հենքը, ֆունկցիոնալ հարցերի լուծումը և անվտանգությունը»,– հատարարեց նա։

Ըստ ՀՀ վարչապետի` դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար։

Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։

Sputnik Արմենիա