Թևանյան․ Երեք կամ 2,5 կոալիցիոն գործընկերներ ապահովեցին տրանսպորտի թանկացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Քաղաքացիական պայմանագիրը», իրեն կցված քույր կուսակցությունը և «Հանրային ձայնից» թրաֆիքինգի ենթարկված երկուսը, որոնք անցել են «Քաղաքացիական պայմանագրի» կողմը, միասին ապահովեցին Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացումը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, իր տեսաուղերձում ասել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
«32-ը կողմ էին, 2-ը՝ դեմ, բայց այս երկուսը, ովքեր դեմ էին, իրականում ավելի կողմ էին, քանի որ քվորում էին ապահովել: «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները, ինչպես նշել էին, չեն մասնակցել քվորում չապահովելու համար, սակայն կոալիցիոն այս երեք գործընկերները, կամ 2.5-ն ապահովեցին թանկացումները։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի 1-ից իրենք թանկացնելու են տրանսպորտի գինը մինչև 300 դրամ»,- նշեց Թևանյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում տրանսպորտից կօգտվեն բավականին մեծ թվով մարդիկ և ոչ միայն երևանցիները, կարելի է ասել, որ սա ինչ-որ առումով հանրապետական մակարդակով թանկացում է։
«Եվ սա այն դեպքում, երբ սոցիալական վիճակը լարված է, առաջին անհրաժեշտության ապրանքները խանութներում կտրուկ թանկացել են, մարդիկ միջինից ցածր աշխատավարձ են ստանում։ Իսկ եթե առաջնորդվենք ՔՊ-ի առաջարկած մոդելով, ապա լավագույն տարբերակը կլինի, որ քաղաքացիները 90 հազար դրամով տրանսպորտային քարտ ձեռք բերեն»,- նշեց նա։
Ըստ Թևանյանի՝ միջին ընտանիքը, որտեղ տրանսպորտից կարող է օգտվել 3-4 հոգի, իրականում տարեկան պետք է վճարի 270-360 հազար դրամ, որպեսզի տրանսպորտն իրենց համար համեմատաբար էժան դառնա։
«Սա իր հերթին կհանգեցնի տաքսիների, առաքումների գների բարձրացմանը և շղթայական ռեակցիայի դեպքում կբերի այլ ապրանքների և ծառայությունների գների բարձրացման»,- ասաց նա։
Ավելի վաղ Երևանի ավագանին քվեարկել էր հասարակական տրանսպորտի թանկացման օգտին։ Կողմ են քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիրը» և Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը:
News.am