Մհեր Նավոյան․ Կոնսերվատորիան անուղղակիորեն փակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում վերջին անգամ բուհ փակել են 1435 թվականին, երբ Ամիր Շահուրի հրոսակները գրավել և հրի են մատնել Տաթևի համալսարանը: Այս մասին այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բուհի օպտիմալացման հարցով ուսանողների և դասախոսական կազմի մասնակցությամբ կայացած հանդիպմանը հայտարարել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:

 

«Հարց է, թե ինչն ենք ինչին գումարում: Ուսումնասիրեիք մեր բուհի թերությունները, առաջարկեիք լուծման համար տարբերակներ։ Այդ լուծման տրամաբանությունը ակադեմիական քաղա՞քն է՝ ցույց տայիք այդպես և մենք բոլորս կհամաձայնեինք, սակայն չի եղել այդպիսի վերլուծություն: Չկան մեր թերությունների ցուցանիշները, չկան դրանց լուծման տրամաբանությունը: Ինչպե՞ս է դա լուծելու մեր խնդիրները, որոնք, իհարկե, կան: Ոչ մի բացատրություն չունեք այդ հիմնախնդրի և դրա լուծման միջև: Ինչո՞ւ քանդել բուհը»,- նշել է Նավոյանը:

Արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ ինքը սկզբում մտածել է, թե խոշորացում և կլաստեր հասկացությունների միջև հակասություն է առկա, սակայն, պարզվում է, կենտրոնական բուհ է ստեղծվելու՝ առընթեր հաստատություններով»

«Այսինքն, խոշորացումը ենթադրում է նախնական բուհեր, որոնք, ըստ էության, գումարելիներ են, և դրանց արդյունքում առաջանում է մեկ խոշոր բուհ: Գումարվում են իրար դրանք, վերջնարդյունքում դառնում են ինչ-որ խոշոր բանի բաղադրիչ: Դա ենթադրում է, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիա անվամբ բուհ այդ խոշորացված մակարդակով չկա: Կա ուրիշ բան, ասենք՝ շատ ավելի լավ բան, ասենք՝ հրաշք կա այդտեղ, բայց Կոմիտասի անվան կոնսերվատորիա հասկացություն այնտեղ այլևս չկա: Ստացվում է՝ անուղղակիորեն բուհը փակվում է»,- նկատեց նա:

Երաժշտագետի կարծիքով՝ սա աղավաղելու է մայրաքաղաքային մշակույթը։

«Նա խոսել է մինչև 19-րդ դարն ունեցած հայ ազգային ավանդական արվեստի մասին, որի մասնագետն ու կրողն է: «Դա մեր ազգային ինքնության հենասյունն է: Բայց կոմպոզիտորական արվեստը 19-րդ դարից եկած բացարձակ եվրոպական երևույթ է: Այստեղ ներկա բոլորը անկախ նրանից գիտակցել են, թե ոչ, նրանց բոլորի ընտանեկան դաստիարակության ժամանակ նրանց դաստիարակել են ֆրանսիական լուսավորիչների, գերմանական դասական փիլիսոփաների սահմանած նորմերով, այսինքն՝ մենք եվրոպական մոդեռնիզմի պրոդուկտ ենք: Հիմա, կոմպոզիտորական արվեստը լինելով բացարձակ եվրոպական կուլտուրա, մայրաքաղաքային կուլտուրա է մեզ համար: Այն չի կարող գնալ գյուղ , չի կարող գնալ ավան: Սովետական տարիներին փորձել եմ գյուղեր սիմֆոնիկ նվագախումբ տանել, ծիծաղում է էտ ժողովուրդը: Չի կարելի անհասկանալի խաչասերումներ անել, դա ինչին է պետք, դա քայքայելու է մայրաքաղաքային կուլտուրան, աղավաղելու է այն»,- նշել է Նավոյանը:

News.am