ԼՈՆԴՈՆԻ, ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՏԱԿ՝ Ի ՎՆԱՍ ՀԱՅՈՑ ՇԱՀԵՐԻ

Նախիջևանում ընթացող լայնածավալ զորավարժությունները կասկած չեն թողնում, որ Ալիևը ծրագրում է բավարարել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները ռազմական գործողությունների միջոցով: Իշխող վերնաշերտի արձագանքը Բաքվի և Անկարայի մարտահրավերներին նույնպես կասկած չի թողնում, որ Փաշինյանը չի հրաժարվելու տանդեմի պահանջների բավարարմանը միտված ուղեգծից. տարածքային զիջումներից մինչև նոր սահմանադրություն։ Այդ պահանջները նրա իշխանության միակ գրավականն են։ Փաշինյանն այլևս չի կարող հենվել ժողովրդի վրա, որը տենչում է ազատվել ՔՊ-ի բռնապետությունից։

«Ադրբեջանի եվ Թուրքիայի պահանջների ռազմական ճանապարհով բավարարման իրական նախադրյալների առկայության պայմաններում ՀՀ իշխանությունները խոսում են Արմավիրի դպրոցի կախիչի մասին։ Ադրբեջանցիների բռնազավթած հայկական տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին ոչ ոք չի խոսում»,- փաստեց ԵՊՀ արևելագիտության պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, որը վստահ է, որ ՌԴ-ի հասցեին մեղադրանքները տիրաժավորում են մարդիկ, որոնք տեղյակ չեն Թուրքիայի իրական ծրագրերի մասին։

Այդ ծրագրերի մասին, նրա հավաստմամբ, տեղյակ են պետապարատի և դիվանագիտական կորպուսի աշխատակիցները, բայց նրանք լռում են, իսկ ովքեր որ չեն լռել՝ վաղուց հեռացել են այդ կառույցներից: «Թուրքիայից բաց տեքստով ասում են, որ թուրքական աշխարհի ապագան ուղղակիորեն կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, Իսկ Երևանում փորձում են բոլոր դժբախտությունների համար մեղադրել ՌԴ-ին և նրա վրա բարդել սեփական ձախողումները դիվանագիտության և քաղաքական հաշվարկների դաշտում»,- ընդգծեց Մելքոնյանը:

Գիտնականը մեծ կասկածներ հայտնեց այն հաշվարկների արժանահավատության վերաբերյալ, որոնք կապված են իրական մարտահրավերներին և ռիսկերին մեր երկրի դիմակայման հնարավորության հետ: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ռուսական և թուրքական շահերի համընկնմանը, ապա Մելքոնյանը նշեց, որ պերմանենտ մերձեցումները («մեղրամիսները»), որպես կանոն, ավարտվում են թշնամանքով, և ներկայիս «մեղրամիսն» էլ, նրա խոսքերով, մոտենում է ավարտին, ինչն ամենևին չի չեղարկում թուրքական օրակարգի գերակայությունը տարածաշրջանում:

Մելքոնյանի խոսքերով, Անկարայի հետ սերտ շփումները, որոնց ձգտում է ներկայիս իշխանությունը, ՀՀ տարածքում ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու երաշխիք չեն։ Այս միտքն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նա վկայակոչեց Գրիգոր Զոհրապի օրինակը, որն ընկերություն էր անում Թալեաթ փաշայի հետ և նույնիսկ նարդի խաղում նրա հետ 1915-ի կոտորածի նախօրեին: Այդ ընկերությունը չփրկեց նրան մահից: Որպես տեղեկանք. 1921 թվականին Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց այն ժամանակ Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Թալեաթ փաշային և արդարացվեց գերմանական դատարանի կողմից: «Իշխող ռեժիմի ոչ մի շփումն Անկարայի հետ չի փրկի ժողովրդին վերահաս ողբերգությունից, բայց դրա մասին, ավաղ, նախընտրում են չխոսել...»,- ընդգծեց Մելքոնյանը, որը վստահ է, որ Անկարայի քաղաքական օրակարգում Հայաստան անունով պետություն գոյություն չունի, բավական է հայկական համայնքը Թուրքական կայսրության կազմում: «Շատերը չեն հասկանում, որ Անկարային արվող զիջումները ընդհուպ կմոտեցնեն թուրքերին յուրաքանչյուր հայկական շեմին»,- ընդգծեց գիտնականը:

Ավաղ, կրկնվում է այն իրավիճակը, երբ հայկական ամեն շեմից ներս չէ, որ ողջամտորեն գնահատում էին 2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրման հետևանքները: Այն ժամանակ լոկ հատուկենտ մարդիկ էին ասում, որ իշխանափոխությունը Արցախի մասին էր: Արցախը հանձնելուց հետո չկա ըմբռնում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին վերջ չի լինելու, և Արցախից հետո եկել է Հայաստանի հերթը։ Ի տարբերություն զանգվածների՝ ռեժիմի վերնաշերտն ամեն ինչ հասկանում է, բայց ձևացնում, թե օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն է՝ ընդհուպ մինչև սահմանի բացում։

«Նման հայտարարությունները նորություն չեն, Ճիշտ է, հիմա դրանք առանձնակի բարձր են հնչում։ Դրանք արտաբերողներին թվում է, թե այ հիմա հաստատ կբացեն սահմանը, թեև, ինչպես պարզվեց, փակման պատճառն Արցախը չէր։ Արցախը հանձնելուց հետո ի հայտ եկան պահանջներ Սահմանադրության, Անկախության հռչակագրի վերաբերյալ, հետո հիշեցին պետական զինանշանին պատկերված Արարատի մասին։ Հետո կլինի աշխարհագրական անունները փոխելու պահանջ։ Ամեն ինչ փոխկապակցված է. եթե ստանում են ուզածը, ապա պահանջներն էլ կաճեն»,- փաստում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, որը գտնում է, որ Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականության հիմքում իշխող վերնախավի տգիտության և անփորձության նույն գործոնն է, ինչ որ նրա կողմից ԵՄ-ի հայտնի պահանջների կատարման հիմքում:

«Ո՞րն է Արևմուտքի պահանջը։ Հանե՞լ Ռուսաստանին այստեղից։ Չի՛ ստացվի։ Դուք պատկերացնել անգամ չեք կարող, թե քանի ական է դրված այդպիսի յուրաքանչյուր պահանջի տակ»,- ընդգծում է դիվանագետը։

Արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով՝ լինեն դրանք ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, թե Թուրքիայի հետ հարաբերությունները, Արցախը հանձնելուց հետո որևէ շարժ չի արձանագրվել, բացի եվրոպական ուղղությամբ վիզաների ազատականացման խոստումից և Ֆրանսիայից ու Հնդկաստանից ստացած սպառազինության փոքր խմբաքանակից։ Չափազանց քիչ է՝ Արցախի կորստի և ռուսատյաց կատաղի հիստերիայի դիմաց, ռեժիմն այստեղ էլ իր «գինը գցեց»։ 2018 թվականից ի վեր ժողովրդին ներշնչում էին, թե բավական է հրաժարվել Արցախից, և Թուրքիան կդադարեցնի շրջափակումը, որն, ի դեպ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

1993թ. հուլիսից Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում է դասական ռազմական միջոցներ: Խոսքը միջազգային փաստաթղթերի մի ամբողջ փաթեթի խախտման մասին է. Լոզանի պայմանագրից (1923թ. հուլիսի 24) մինչև Բարսելոնայի կոնվենցիան «Տարանցման ազատության մասին» (1921 թ. ապրիլի 20) և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1957 թ. փետրվարի 20-ի թիվ 1028 բանաձևը և այլն։ Արցախը հանձնելուց հետո ՀՀ իշխող վերնախավը ոչ մի անգամ չի հիշեցրել այդ խախտումների մասին։

Ռեժիմի քարոզչամեքենան ամեն օր թեզեր է տիրաժավորում Մոսկվայի և Անկարայի բարեկամության մասին, բայց ընդ որում մեղադրանքներ են հնչում միայն ՌԴ-ի հասցեին։ Իսկ Թուրքիայի հանդեպ ռեժիմի վերնաշերտը 44-օրյա պատերազմից հետո ոչ մի դժգոհություն չի արտահայտել, այդ թվում՝ սիրիական Իդլիբից ԻԼԻՊ-ի վարձկան ահաբեկիչներ Ադրբեջանին մատակարարելու առնչությամբ։ 2020-ի պատերազմից հետո անընդհատ ասվում է, թե Մոսկվան ու Անկարան գործում են ձեռք ձեռքի տված, սակայն Թուրքիայի հասցեին հնչում են միայն բարեկամության հավաստիացումներ։

«Հայաստանն այսօր պատրաստ չէ նույնիսկ Ֆրանսիայի հետ համատեղ զորավարժությունների՝ ընդդեմ Թուրքիայի։ Օրակարգում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումն է ամեն գնով՝ լինի դա Արցախը, Սահմանադրության փոփոխումը, թե տարածքային զիջումներն ու ՀՀ ինքնիշխանությունը»,- հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։ Ընդ որում ռեժիմի պարագլուխը համառորեն աչք է փակում միջպետական համաձայնագրի ստորագրումից Ալիևի հրաժարման վրա, որում հղում կա Ալմա Աթայի հռչակագրին, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահը չի ճանաչում ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ. կմ մասշտաբով։

Անկարան չի խոչընդոտում Ալիևի դիրքորոշման կոշտացմանը, ԵՄ-ն նույնպես զիջումների կդրդի պաշտոնական Երևանին, եվրոպացի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով արդեն արտահայտվել են տարածաշրջանում Թուրքիայի ցուցանող և ուղղորդող ձեռքի օգտին։ Ռեժիմի պարագլուխը ժողովրդից համառորեն թաքցնում է ներկա իրավիճակի իրական ռիսկերը, թեև գերազանց գիտակցում է, որ տարածաշրջանում «տևական խաղաղության» հաստատման իր հռչակած ուղեգիծը դրել է երկիրն ինքնաոչնչացման ռելսերի վրա։

Իրավիճակը կարելի է շտկել միայն բանակցողին փոխելով, սակայն Փաշինյանին անհնար է պոկել ղեկավար աթոռից։ Նա պինդ կառչել է իշխանությանը: Ռեժիմի վարած քաղաքականության բացասական հետևանքները ժողովրդին բացատրելու խորհրդարանական ընդդիմության փորձերն արդեն բախվել են իշխանական քարոզչամեքենայի գլխավոր թեզին, թե իբր՝ Մոսկվան իր ուժերի մոբիլիզացիա է հայտարարել ՀՀ տարածքում։ Վարչապետի պաշտոնում իր հետագա իշխանավարումը Փաշինյանն ուղղակիորեն կապակցում է զիջումների հետ։ Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի ռեժիմի անսասանության երաշխիքն են, քանզի զիջումները, որոնց մասին խոսվում է, Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ուղեգիծն են՝ ինքնիշխանության և անկախության իսպառ կորստով…

Այդ ուղեգծի իրականացմանը զուգընթաց՝ հայ ժողովրդին վախեցնում են այն հեռանկարով, թե Հայաստանը կվերածվի ռուսական գուբերնիայի։ Ռեժիմի պարագլխի շրջապատը չի դադարում կրկնել իշխող ուժի լեգիտիմության մասին հեքիաթը, իսկ 680 հազար ընտրողներն ասես մոռացել են, որ 2021 թվականի հունիսի 20-ին չեն քվեարկել Արցախը հանձնելու և հայոց պետականությունը ոչնչացնելու Փաշինյանի իրավունքի օգտին՝ ի բավարարումն Բաքվի և Անկարայի պահանջների։

680 հազար ընտրողներ հավատացին ՔՊ-ի ծրագրին, որում սևով սպիտակի վրա նշված էր Շուշին ու Հադրութը բանակցությունների միջոցով վերադարձնելու խոստումը, մինչդեռ այսօր բանակցություններ են ընթանում բոլորովին այլ բանի շուրջ... Որպեսզի ընթերցողը լիովին պատկերացնի, թե դեպի ուր է տանում երկիրը Փաշինյանի ռեժիմը, մեջբերեմ «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերը. «Ռուսաստանը ժողովրդավարության թշնամին է։ Մեր ժողովրդավարությունը պետք է բռունցք ունենա Ռուսաստանին դիմակայելու համար, արդեն կա Ուկրաինայի և Մոլդովայի միջազգային փորձը օրենսդրական մակարդակով։ Այո, այդ երկրներում արգելել են շատ կուսակցություններ ու լրատվամիջոցներ, որոնք մակաբուծում էին ժողովրդավարության վրա։ Հիբրիդային պատերազմն ունի ճակատ և թիկունք, որն աջակցում է առաջնագծին»։

Մի հարցնող լինի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ժողովրդավարության թշնամիները չե՞ն։ Հապա խորամուխ եղեք, պարոնայք. ժողովրդավարության շահերից ելնելով՝ Մեհրաբյանն առաջարկում է օրենսդրորեն արգելել կուսակցություններն ու լրատվամիջոցները։ Ժողովրդավարության շա՜տ տարօրինակ մեկնաբանություն է, այնպես չէ՞: Բոլորին է հայտնի, որ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն հանրապետության» կուսակցությունը ՔՊ-ի հուսալի արբանյակն է։ Օրերս պարզվեց, որ Բաքվի և Անկարայի պահանջների բավարարումը իշխանությունը պահպանելու Փաշինյանի միակ գրավականը չէ։ Մեծ Բրիտանիայից լուր ստացվեց «Ռուսաստանից բխող սպառնալիքի դեպքում» օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Դա հնչեցրեց պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին։ Լոնդոնում հասկանում են, որ անդամակցման սառեցումը չի նշանակում ՀՀ-ի ելք ՀԱՊԿ-ից, սակայն պատրաստ են աջակցել։ Այդ պատրաստակամությունը ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը բնորոշեց որպես «բացահայտ ցինիզմ»։

Նրա խոսքերով, Մեծ Բրիտանիան անտեսում է Թուրքիայից և Ադրբեջանից բխող սպառնալիքները, սակայն բացահայտ հրահրում է Հայաստանին առճակատման գնալ ՌԴ-ի հետ: Այլ կերպ ասած, Լոնդոնը ներգրավվել է Հայաստանը ոչնչացնելու Բաքվի և Անկարայի ՝ քաղաքականության մեջ։ «Մեծ Բրիտանիան մեծ փորձ է կուտակել նախկին միութենական հանրապետություններին ՌԴ-ի հետ առճակատման դրդելու գործում, նրա ջանքերով Ուկրաինայում պատերազմ է ընթանում մինչև վերջին ուկրաինացին, ընդ որում Մեծ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր գործընկերն է, ուստի խորապես անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ինչպեսև այն ամենի, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայի ժողովրդի հետ»,- ընդգծեց նա:

Փաշինյանին բաց տեքստով հասկացնել տվեցին, որ արևմտյան կոալիցիային նա հետաքրքիր է միայն ՌԴ-ի հետ առճակատման տեսանկյունից։ Ռեժիմի պարագլուխը դա հասկանում է, ուստի պատրաստ է հետևել Լոնդոնի, Անկարայի և Բաքվի ցուցանող և ուղղորդող ձեռքին՝ ի վնաս հայոց շահերի։ Մարտի 12-ի ասուլիսում նա լրագրողներին կոչ արեց չշփոթել քաղաքական հայտարարությունները իրավական գործընթացների հետ, նկատի ունենալով ՀԱՊԿ-ից ելքի գործընթացը, բայց ընդ որում հպանցիկ նշեց, որ ՀՀ-ն կարող է լքել կազմակերպությունը մինչև Նոր տարի: ՌԴ-ից արդեն հնչել է կողմնորոշվելու կոչը, որը միանգամայն հիմնավոր հարց է ծնում. ինչո՞ւ Մոսկվան նույնպիսի կոչ չի հասցեագրում Ղազախստանի ղեկավարությանը, որի տարածքում ՆԱՏՕ-ի վարժական կենտրոն է բացվել: