Բաբկեն Պիպոյան․ ՀՀ-ում սպառողների իրավունքներն ուղղակի չեն պաշտպանվում

Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումն ու տրանսպորտի սպասվող թանկացումը խոսում են այն մասին, որ սպառողների իրավունքներն ուղղակի չեն պաշտպանվում։ Այս մասին այսօր` Սպառողների իրավուքների պաշտպանության միջազգային օրը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա նշեց, որ այսօր տոնական տրամադրությամբ դժվար է շնորհավորել սպառողներին, քանզի մտահոգվելու խնդիրներն ավելի շատ են։

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրմանը, Պիպոյանը նշեց, որ որոշ դեղեր պետք է միանշանակ վաճառվեն դեղատոմսվ , բայց այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, ուղղակի տրամաբանությունից դուրս է։

«Ֆրանսիայում այսօր ներդրված է ոչ միայն էլեկտրոնային, այլև թղթային դեղատոմսի համակարգը։ Հայաստանը որոշել է, որ թղթային դեղատոմս պետք չէ այն դեպքում, երբ պոլիկլինիկայի աշխատողի համակարգիչն այնքան հին է, որ, կներեք, կարծես Նոյն իր հետ բերել է տապանից, 40 րոպեում միանում է, 40 րոպեում անջատվում, 40 րոպեում էլ ծրագիր բացում։ Բժիշկն իր սենյակում նստած է, դռան հետևում հերթեր են, մարդը հասկանում է, որ հենց հիմա իրեն անիծում են մի բանի համար, ինչում ինքը մեղք չունի»,–ասաց Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստան հազարավոր սփյուռքահայեր ու զբոսաշրջիկներ են գալիս, որոնք ոչ մի դեղատանը կցված չեն, և նրանց համար անիմաստ քաշքշուկ է առաջանալու։

Նա անդրադարձավ նաև բժշկական գաղտնիքի խնդրին, ընդգծելով, որ այս կերպ տեղեկատվությունը հասանելի է լինում բոլորին, որովհետև «Արմեդ» համակարգը մասնավոր ընկերությանն է պատկանում։

Խոսելով տրանսպորտային համակարգի խնդիրներից, Պիպոյանն ընդգծեց, որ բոլորն արձանագրում են, որ համակարգն աշխատում է սխալ և ձևավորում է սխալ ինքնարժեք, երթուղիները երկար են և այլն, բայց միաժամանակ, առանց այդ խնդիրները լուծելու, բոլորը քննարկում են, թե բարձր ինքնարժեքի գինն ով է տալու։

«Հենց հիմա, որ «Ման» մակնիշի ավտոբուսների վրա ուրախանում ենք, շահագործվում են 3 անգամ ավելի, քան միջազգային խորհրդատուն նախատեսում էր։ Բնական է, որ դրանք 3 անգամ շուտ էլ մաշվելու են ու 5 տարի հետո շարքից դուրս գան։ Հետո Երևանի քաղաքապետարանը կմեղադրի քաղաքացիներին, որ վատն են ու համայնքային գույքը լավ չեն պահել»,–ասաց Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ քննարկվող հարցերից պետք է լինի, թե ինչ անել, որ ավտոբուսները 50.000 կմ–ի փոխարեն 150.000 կմ չքշեն։

Պիպոյանի խոսքով` շատ կարևոր է , որ փորձագիտական հանրույթը ներգրավված լինի այդպիսի խնդիրների վերհանմանն ու լուծմանը և քննարկումները չլինեն միայն սոցցանցերի մակարդակում։

Sputnik Արմենիա