ԱՆՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԻ ՎՆԱՍ ԿԼԻՆԻ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ` ԲԱՔՎԻ ԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՑԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արցախի և Հայաստանի իրավապաշտպանները կոչ են անում միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից չհրաժարվել։

Հայտնել ենք, որ փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։ Մարտի 12–ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց` ՀՀ–ն կարող է հրաժարվել միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերից, երբ խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի։

ՀՀ իրավապաշտպանները վստահ են` գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

«Միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները խիստ մտահոգության առիթ են ստեղծում։ Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են»,– նշվում է հայտարարությունում:

Հայտարարությունը պատրաստել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը։

Նրանք կետերով անդրադարձել են, թե ինչ խնդիրների և մարտահրավերների առաջ կկանգնի հայ ժողովուրդը միջազգային ատյաններում պահնաջներից հրաժարվելու դեպքում.

- Ադրբեջանի դեմ գանգատները ռազմավարական նպատակ ունեն ու դրանց շնորհիվ հնարավոր է միջազգային պատասխանատվություն ապահովել հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար։

- Այդ հայցերը անփոխարինելի միջոցներ են իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար, առանց որի հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի և նրա ժողովրդի դեմ:

- Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար:

- Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության, և վերադարձից հետո այնտեղ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում:

- Ներկայացված գանգատներով ու հայցերով Հայաստանը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները, ինչի արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց, իսկ իրավական պաշտպանության միջազգային միջոցներից Հայաստանի հրաժարվելու և դրանք քաղաքական հարթություն տեղափոխելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի այդ պահանջները:

- ՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելը կհանգեցնի նրան, որ անհնարին կլինի տուժածների իրավունքները միջազգային հարթակներում պաշտպանել։

- ՀՀ հրաժարումն իր իսկ հայցերից հարցականի տակ կդնի բազմաթիվ անհատական հայցերի հետագա ճակատագիրը և դրանք կկորցնեն իրենց իրավական ուժը։ Արդյունքում կստացվի այնպես, որ կառավարության գործողությունների պատճառով մարդիկ կզրկվեն իրենց իրավունքների միջազգային դատական պաշտպանությունից: Բացի այդ, նման քայլը կվտանգի Հայաստանի դիվանագիտական դիմադրողականությանը միջազգային ասպարեզում։

- Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ Արցախի, Հայաստանի և սփյուռքի հայերի դեմ վարել են ռասիզմի և ատելության քաղաքականություն: Ադրբեջանը պետական մակարդակով միշտ խրախուսել է հայերին վնաս հասցնելուն ուղղված բոլոր գործողությունները` սպանություն, խոշտանգում, առևանգում։ Դրան հակառակ ՀՀ իշխանությունն անընդհատ միակողմանիորեն բավարարել է ադրբեջանական պահանջները` սին հույս փայփայելով, թե Ադրբեջանը կանգ կառնի։

- Պահանջում ենք ներկայացնել միջազգային դատական նոր հայցեր բոլոր հնարավոր կոնվենցիաներով, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարան դիմելով Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հանցագործության համար քրեական պատիժ կիրառելու պահանջով։

Հիշեցնենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:

Sputnik Արմենիա