ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔ, ՈՐՏԵՂ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՂ ՉԿԱ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում օրեր առաջ հնչեց հայտարարություն, թե Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ընդդեմ Ռուսաստանից եկող հնարավոր սպառնալիքների: Մինչ այդ, տեղի էր ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղարի ու Բրիտանիայի MI6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հանդիպումը, և հայ-բրիտանական հարաբերությունները բնութագրվել էին որպես ռազմավարական երկխոսություն: Արևմտյան և, առհասարակ, միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար հպանցիկ կանդրադառնանք այն քաղաքականությանը, որ քրդերի նկատմամբ վարում էր Արևմուտքը վերջին տասնամյակներում:

Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքում քրդերը հատուկ խաղաքարտ են, որոնց երբ ուզեն՝ կօգտագործեն, երբ ուզեն`կզոհաբերեն։ Այսպես՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծելիս քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս և օգտագործում՝ որպես մսացու։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին զոհաբերում են՝ իբրև մատաղացու գառ։ Եվ սա մշտապես կրկնվում է։ Փաստորեն քրդերն ընդամենը «արյունատու» խաղաքարտ են։

Կովկասում նույն դերը հայերին է վերապահված. պետք լինի՝ սարեր կխոստանան, պետք լինի՝ թնդանոթի միս կդարձնեն: Փոքր Հայաստանի արյան հաշվին մեծ երկրները կարող են միմյանց ներել կամ հաշտվել իրար հետ, կարող են փոխշահավետ գործարքներ կնքել, ընդ որում՝ ՀՀ-ի տարածքը մանրադրամի տեղ օգտագործելով։ Նման վարվելակերպը բնորոշ է բոլոր քաղաքական համակարգերին, անկախ նրանից՝ ազատակա՞ն են, թե՝ ժողովրդավար, բռնապետակա՞ն են, թե՝ ավանդական։

Մերկապարանոց չլինելու համար կբերենք որոշ փաստեր ու կոնկրետ օրինակներ՝ ցույց տալու համար, թե ինչպես էր 20-րդ դարում Արևմուտքը բարձրագոչ խոստումների քողի տակ վարվում քրդերի հետ: 1987-1989 թվականներին Սադամ Հուսեյնի կողմից Իրաքի հյուսիսում քրդերի դեմ իրականացվեց «Անֆալ» գործողությունը, այսինքն՝ քրդերի ցեղասպանություն: Հիմնահատակ ոչնչացվեց մոտ 5.000 գյուղ, սպանվեց մինչև 182.000 մարդ, 700.000 հազարը տեղավորվեց համակենտրոնացման ճամբարներում, շուրջ 1 միլիոն մարդ դարձավ փախստական: Որոշ գյուղերի ոչնչացման ժամանակ քիմիական զենք էր կիրառվել:

Ինչո՞ւ սա տեղի ունեցավ և ինչպե՞ս իրենց պահեցին միջազգային խաղացողները, որոնք քրդերին իրենց դաշնակիցն էին համարում, ինչպես այսօր Մեծ Բրիտանիան՝ հայերին: Հիշեցնենք, որ անցյալ դարի 80-ականների վերջին տեղի ունեցած միջադեպը, որը հակիրճ նկարագրվեց վերը, սկսվել էր քրդերի ապստամբությունից: Արևմտյան տերություններն այն խրախուսում էին՝ զուտ Բաղդադի վարչակարգն ապակայունացնելու համար: Հետին թվով քրդերը հասկացան ու խոստովանեցին, որ կատարվածն «անողոք, խաբեբայական քայլ էր»: Դիվանագիտության դաշտում այդ «զորահանդեսի համանատարը» Անվտանգության հարցերի գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Հենրի Քիսինջերն էր:

Հետագա ամիսների ընթացքում, քանի որ սպանությունները շարունակվում էին, Իրաքի քրդերի առաջնորդ Բարզանին հուսահատորեն դիմել էր ԿՀՎ նախագահ Ջերալդ Ֆորդին և Քիսինջերին: Վերջինս ոչ միայն չմիջամտեց արյունահեղությունը կանգնեցնելու գործին, այլև մերժեց բազմաթիվ փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքները։ Իսկ քրդական հարցով ձևավորված հանձնաժողովի փակ նիստում քրդերի արյունոտ ճակատագրի առնչությամբ մտահոգ կոնգրեսականներին հորդորեց «գաղտնի գործողությունները չշփոթել սոցիալական աշխատանքի հետ»: Հետաքրքիր է՝ Միացյալ Թագավորության խորհրդարանում օրեր առաջ հնչած հավաստիացումը, որ պատրաստ են հայերին պաշտպանել ՌԴ-ից եկող սպառնալիքներից, սոցիալական աշխատա՞նք էր, թե՞ գաղտնի գործողություն:

Բայցևայնպես՝ աշխարհում Արևմուտքի խոստումներին ու նրա բարեգթությանն այսօր էլ հավատացողների պակաս չկա, և ՀՀ գործող իշխանակարգն՝ իր հայտնի արբանյակներով, կարծես թե, այդ հավատացողների շարքում է: Ի դեպ՝ քրդերի ապստամբությունից շատ առաջ՝ 1973-ին, Բարզանին ամերիկացի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Ես վստահում եմ Ամերիկային: Ամերիկան չափազանց մեծ ուժ է, որպեսզի դավաճանի այնպիսի փոքր ժողովրդի, ինչպիսին քրդերն են»: Նույնկերպ մտածողներ այժմ ՀՀ-ում էլ քիչ չկան, ավելին՝ Հայաստանն իր հայացքն Արևմուտքին է ուղղել՝ թեև այնտեղ նրան սպասող չկա:

Acnis.am