Գառնիկ Դանիելյան․ Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես տավուշեցի եմ, ունեմ բազմաթիվ հարազատներ, որոնց հետ շփվում եմ. առավոտյան ինֆորմացիա ստացա, որ անսպասելի այց է կատարվում Ոսկեպար, դրա մասին վերջին պահին են զգուշացրել, որի նպատակը բեմականացված շոու սարքելն էր, որ տեսեք՝ մարդիկ ինչ լավ են ընդունում կապիտուլյանտին: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Գնացել էին պատկեր ստանալու, բայց դա իրենց չի հաջողվել, որովհետև բացի այն, որ այստեղից-այնտեղից ՔՊ-ականներ են հավաքել և բերել դահլիճը լցրել, որ ֆոն ստեղծվի, թե մարդիկ ինչքան գոհ են, որ այդ տարածքները հանձնվում են, այդտեղ մարդիկ իմացել են, որ հանդիպում կա, գնացել են, մասնակցել են և Նիկոլ Փաշինյանին հարցեր են ուղղել: Ասել են՝ էդ ի՞նչ տարածքներ ես զիջում, էդ տարածքների վրա դու «ամագ» ունե՞ս, որևէ մի պատերազմի, կռիվների այդ տարածքներում մասնակցած կա՞ս, քրտինք, արյուն թափած կա՞ս, որ այդ տարածքները տալիս ես, թուրքին էլ մոտեցնում ես գյուղի բերան:
Այդ տարածքները զիջելու դեպքում հետևյալ աղետների առաջ ենք կանգնելու բոլորս: Դա դեպի Վրաստան տանող ճանապարհն է, կոմունիկացիաներն են, գազն է, որ մտնում է Հայաստան, դա կահավորված առաջնագիծն է, որ 30 տարի ձևավորվել է, այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Անմիջապես ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հայտնվելու են ճանապարհին, 5 կետում հատում կա: Ադրբեջանի «Յաշմա» և «Կոմանդքո» ջոկատները Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն բերում և կանգնեցնում են միջպետական ճանապարհի վրա: Գալու են գյուղի մեջ կանգնեն, այդտեղ ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ պետական հաստատություն չի կարող աշխատել, ուղիղ նշանառության տակ են լինելու: Այդ տարաաշրջանն ամբողջությամբ դատարկվելու է, մարդ չի մնալու, որի մասին փաստել են նաև գյուղացիները այդ հանդիպման ժամանակ»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից, և դա պետք է լինի։
«Թշնամին Ջերմուկի մատույցներում է: 31 գյուղի մասին, որ խոսում են, էթշնամին այդ տարածքներից դո՞ւրս է եկել: Ոչ: Թշնամին ասում է՝ ժամանակ եմ քեզ տալիս, էդ 4 գյուղը ազատի: Այդ գյուղերից մեկում 8-րդ դարի եկեղեցի կա, բազմաթիվ հայկական հուշարձաններ կան: Դրանք ադրբեջանական կոչել կարող են միայն ադրբեջանցիները և այստեղ ապրող թրքահպատակ հայերը: Դրանք բուն հայկակն տարածքներ են»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
News.am