Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է ՓԱՍՏԱՑԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ 4, ՀԵՏԱԳԱՅՈՒՄ +4 ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ է բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Նա նշեց, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը պարտակելու շրջանակներում իշխանությունն առաջ է բերում պատերազմական շանտաժը։

«Բայց նույն տրամաբանությամբ, այսօր, վաղը, ամիսներ, տարիներ հետո իշխանությունը կարող է այլ տարածքների զիջումների հետ կապված առաջ բերի ադրբեջանական շանտաժի մոտեցումը, թուրքական սպառնալիքը, դրա ներքո անընդհատ գնա շարունակական զիջումների։ Այսինքն, իշխանությունը չի իրականացնում սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները, փորձում է քողարկել պատերազմական շանտաժի ներքո»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք Տավուշի 4 գյուղերը, հետո ևս 4-ը հանձնելու բանաձևի շրջանակներում խաղաղություն է ապահովելու ՀՀ-ում։ «Միանաշանակ ոչ։ Ակհայտ է մեր քաղաքացիներին, որովհետև այս խաղաքարտը իշխանությունը վեջին 4 տարիներին անընդհատ օգտագործել է, Հայաստանը գնացել է նոր զիջումների, ստացել է նոր սպառնալիքներ, նոր պատերազմներ»։

Նա նաև նշեց, որ այսօր իշխանությունը գնում է ոչ թե սահմանների իրականում ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի 4, հետագայում +4 գյուղերի հանձնման ճանապարհով։

«Հայտարարվեց, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսվում է Տավուշից, սա այն դեպքում, որ մինչև գոնե երեկ հայաստանյան իշխանություններն այս կողմից, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները Բաքվից հնչեցնում էին այն մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա և քարտեզներ, որի հիման վրա պետք է տեղի ուներ գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսենսուսային քարտեզներ, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնվում այն քարտեզներին, որոնք Հայաստանն էր առաջարկում և իրավական փաստաթղթային բազա։ Հիմա դրա բացակայության պայմաններում 4 գյուղն Ադրբեջանին հանձնելը չի նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Նա նշեց, որ լուռ ձևով այդ գործընթացն իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ իրականության մեջ ներքին կարգով առանց որևէ քարտեզների Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով, Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որևէ բան և ինչպես Սյունիքի դեպքում, Տավուշի դեպքում ևս չի ստանալու։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում։

News.am