Հիլդա ՉՈԲՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՑԵՐԻՑ ՀՐԱԺԱՐԱՎԵԼՆ ԻՆՔՆԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարավելն ինքնասպանական գործողություն է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի և հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։

 

«Իմ կարծիքով՝ դիվանագիտական և իրավական հիմքերը թշնամուն հանձնելը շատ մեծ սխալ է։ Սա այլևս վերջ չունի, եթե Հայաստանը հրաժարվի միջազգային իրավունքներից, հաջորդ քայլը դրական չի լինելու։ Սա վերջ չունեցող գործընթաց է, մեր դիմաց ֆաշիստական երկիր է։ Այս ռեժիմով ղեկավարվող երկրի հետ այս ձևով չպետք է վարվել։ Եթե մինչև այս որոշ կարմիր գծեր հատվել են, ապա սա նոր կարմիր գիծ է, որի ելքն աղետալի է։ Ըստ իս՝ մեր ապրած վերջին աղետներին ևս մեկ աղետ է ավելանալու»,- ընդգծեց Հիլդա Չոբոյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված գործընթացին՝ Չոբոյանն ասաց

«Այս առնչությամբ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ճնշումների և սպառնալիքի քաղաքականություն է։ Հայ ռազմագերիները պահվում են Բաքվում, որպեսզի Ադրբեջանը կարողանա հավելյալ զիջումներ կորզել Հայաստանից։ Շատ հստակ է այդ քաղաքականությունը 2021 թվականից ի վեր, երբ Ադրբեջանը շատ պարզ ձևով ցույց տվեց, որ իրենք ռազմագերիներին պահում են որպես պատանդ և պետք է փորձեն առավելագույնը կորզել Հայաստանից։ Կարծում եմ՝ այս իմաստով զանազան միջամտությունները կարող են ազդեցություն ունենալ, իսկ եթե նոր միջամտություններ կամ ազդեցիկ միջամտություններ չլինեն, ապա Ադրբեջանը կշարունակի նույն քաղաքականությունը»։

Հիլդա Չոբոյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր է բազմաշերտ քաղաքականություն ունենալը, որի մի շերտն էլ միջազգային իրավունքի ոլորտն է «Մեր կողմից հրաժարվելը ինքնասպանական գործողություն է, Հայաստանի ձեռքում կան քարտեր, դրանց՝ մեկ առ մեկ թշնամուն հանձնելը տանելու է կորուստի։ Այդ քարտերը պետք է հզորացնել, այլ ոչ թե հրաժարվել»։

Անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ արված հարցազրույցներին՝ Չոբոյանն ասաց

«Ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականությունը առաջին օրից այնպես է դրվածքը, որ Ադրբեջանը խուսափի պատասխանատվությունից, մասնավորապես, իր կողմից արված պատերազմական ոճիրները։ Առաջին օրից այնպիսի տպավորությունից թողեցին, որ հայ ռազմագերիները դարձան ահաբեկիչներ։ Տեսանք, որ հայ ռազմագերիներին այժմ ավելի լուրջ մեղադրանքներ են ներկայացնում, մասնավորապես, երբ ռազմագերիները տարեցներ են լինում, հատկապես եթե տարեցներից Արցախյան առաջին պատերազմին մասնակցած են լինում, ապա մեղադրանքների մի ամբողջ փաթեթ են պատրաստում այդ անձանց համար։ Այդ փաթեթները, որոնք ներկայացվում են հայ ռազմագերիների դեմ, միջազգային իրավունքի մեծ խախտումներով են։ Դեռ չխոսենք իրենց անիրական դատավարությունների ու վճիռների մասին։ Բաքվի այս քաղաքականության գաղափարն այն է, որ խուսափում է միջազգային ատյաններում պատասխանատվությունից, և փորձում է Հայաստանից կորզել առավելագույնը»։

Չոբոյանը շեշտեց, որ Արցախի ղեկավարները պարտադրանքի տակ են տվել այդ հարցազրույցները «Անպայման գործադրվել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ։ Դրանք միջազգային իրավունքին դեմ են։ Այս հարցը պետք է միջազգայնացվի։ Պետք է մեծ արշավ կազմակերպել ցույց տալու համար, որ այս մարդիկ պատանդի կարգավիճակում են Բաքվում, այլ ոչ թե քաղբանտարկյալների»։

News.am