ԱԳ փոխնախարար․ 31 գյուղերի կենսական տարածքները նույնպես քննարկման շրջանակներում է

Այս պահին քննարկումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե Տավուշի գյուղերի հետ կապված ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը:

«Ինչպես նշեցի՝ քննարկումները հիմա հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում շարունակվում են: Նրանք աշխատում են մեր նշած հիմքերի հիման վրա, որը հանրայնացվել է: Խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային ժամանակաշրջանիում գոյություն ունեցող սահմանի մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք է, քարտեզները, ինչպես նշել էինք, խորհրդային շրջանում գոյություն ունեցող ամենաթարմ քարտեզներն են: Մենք դրա հետ կապված հայտարարություններ արդեն արել ենք»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց սահմանազատումը սկսել հենց Տավուշից, փոխնախարարն ասաց. «Դրա վերաբերյալ քննարկումները նույնպես շարունակվում են: Պետք է այդ քննարկումների ամփոփմանը և վերջնական եզրահանգումներին սպասենք, դրանից հետո պաշտոնական տեղեկություն կլինի»:

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդ 4 գյուղերի տարածքները պետք է անհապաղ ազատել մինչ սահմանազատում իրականացնելը, Մնացականյանն ասաց. «Հայկական կողմն էլ է դիրքորոշումն հայտնել, որ կենսական տարածքները 31 գյուղերի նույնպես այս քննարկման շրջանակներում է»:

Հարցին՝ ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի սկսվում Ջերմուկից, Գեղարքունիքից կամ Սյունիքից, որտեղ մեր տարածքները բռնազավթված են, ԱԳ փոխնախարարն ասաց. «Քանի որ սահմանազատման աշխատանքները մտնում են գործնական փուլ, կատարվում են որոշակի ուսումնասիրություններ և այդ քննարկումների ավարտի ժամանակ կհանրայնացնենք այդ աշխատանքները»:

Նա ընդգծեց, որ Հայաստանը իր սուվերեն տարածքի բռնազավթման հետ կապված բազմիցս հանդես է եկել հայտարարություններով. «Սահմանազատման աշխատանքների այն մասը, որի վերաբերյալ կան որոշակի պայմանավորվածություններ, արդեն հանրայնացվել է, արվել են պաշտոնական հայտարարություններ: Այս փուլում հավելյալ տեղեկատվություն ես չունեմ»: