Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կարող է երկարաձգվել նաև 2036 թվականից հետո

Հայկական ատոմակայանի աշխատանքի երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո։ Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում այս մասին ասաց «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով՝ թե 2036 թվականից հետո ինչ կլինի ԱԷԿ-ի հետ, հայկական կողմը կորոշի։ Ըստ Սալկովի՝ կա մի քանի սցենար, օրինակ՝ ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել։

«Մյուս կողմից` հայկական կողմը կարող է որոշել, որ երկարաձգի աշխատանքը։ Ռուսաստանում նման օրինակներ կան՝ Վորոնեժի և Կոլայի բլոկների աշխատանքը երկարաձգվել է մինչև 60 տարի: Հայկական կայանը, եթե չեմ սխալվում, 50 տարեկան է։ Վորոնեժի և Կոլայի բլոկների մի մասում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետը կրկին երկարաձգելու ուղղությամբ»,- ընդգծեց Սալկովը։

Նրա խոսքով՝ միայն հավելյալ ուսումնասիրությունը ցույց կտա` կա նման ռեսուրս, թե ոչ։ ՀՀ իշխանությունները որոշում կկայացնեն` հիմնվելով հետազոտության արդյունքների վրա։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին ասաց, որ նման սցենար դեռևս չի դիտարկվում, և Հայաստանը կհասցնի ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել մինչև 2036 թվականը:

«Իհարկե, մենք կարող ենք ատոմակայանի ռեսուրսը երկարացնել գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ։ Հիմա, նախնական գնահատականներով, ատոմակայանի ռեսուրսը գնահատվել է մինչև 2039 թվականը», - ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ռեակտորի կորպուսի թրծումը գուցե թույլ տա կրկին երկարացնել կայանի կյանքը (հայկական ԱԷԿ-ը դրա համար համապատասխան մասնագետներ ունի), բայց այս պահին ՀՀ իշխանությունների համար ԱԷԿ-ի շահագործման «կարմիր գիծը» 2036 թվականն է։

Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական կողմի համար առաջնահերթ խնդիրը ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, ինչը կարևոր է նաև ռազմավարական տեսանկյունից։

Հիշեցնենք, որ 2023 թ դեկտեմբերի 15-ին Հայաստանը և Ռուսաստանը շրջանակային պայմանագիր են ստորագրել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համալիր միջոցառումների վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ նախագիծը կարժենա 65 մլն դոլար: