«ԻՄՆԵՄՆԻՄԻ»-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

«2019թ. ոմն մեկը Երևանի Ազատության հրապարակից կոչ արեց «քարերով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Զանգվածային խուլիգանության կամ բռնության կոչի համար նրան չմեղադրեցին, ընդհակառակը, ամիսներ անց ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ-ի միջնորդությամբ վերջինս «Ֆեյսբուքից» ստացավ հավաստագրված պրոֆիլկապույտ ծիտիկ»)։ Այս հիշեցումը կարող եք կոխել այն մարդկանց աչքը, որոնք հոգեպես ամորձատվածի բութ հայացքով պնդում են, թե երեկ առևանգված Նարեկն ու Վազգենը օրինախախտներ են, ոչ թե քաղբանտարկյալ, և որ Հայաստանն էլ «իրավական պետություն» է։

Հայաստանն իրավական պետություն չէ, Հայաստանը զավթված է թուրքական իշխանության կողմից, որտեղ հայկականի դեմ բռնություն քարոզելը պարգևատրվում է, իսկ թուրքականի դեմ խոսելը՝ պատժվում»,- գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Իսկապես, ով է այսօր հիշում այն արարածին, որը գրեթե 5 տարի առաջ՝ 2019-ի մայիսի 25-ին, բացահայտ սպառնալիք հնչեցրեց Բակո Սահակյանի հասցեին։ Նրան բերման ենթարկեցին հաջորդ օրը՝ Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի պահանջով. ինչպես հայտնեց ոստիկանությունը՝ «ստուգման համար»: Ստուգեցին և նույն օրն էլ բաց թողեցին։ Առանց քրեական գործ հարուցելու, առանց որևէ հետևանքի: Իշխանությունները ժխտում էին առնչությունը նրա հետ, իբր՝ հանրահավաքի կազմակերպիչների հետ ընդհանուր ոչինչ չունենք։ Բայց փաստերն ինքնին խոսուն են։ Եվ այսօր, այդ ժամանակից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո, ամեն ինչ շատ ավելի պարզ և ակնհայտ է դարձել:

Անպատիժ հանցագործությունների և իրավախախտումների այս շարքում, որոնք ծանրության առումով բացարձակ անհամեմատելի են նրա հետ, ինչում մեղադրում են «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ակամայից անմիջապես մտաբերում ես այդ հանցագործություններից թերևս ամենասարսափելին. 2022թ. ապրիլի 26-ին Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի ենթարկած հղի Սոնա Մնացականյանի մահը։ Անցել է երկու տարի. հավանական մարդասպանը, որը, ԶԼՄ-ների տվյալներով, «Ծեծեմ Արամ» մականունով սպան է, ազատության մեջ է, և ոչ մի նշան չկա, թե նա ենթարկվելու է պատասխանատվության: Պատճա՞ռը։ Անպատժելիության երաշխիք հենց Փաշինյանից։

Իսկ եթե խոսենք խուլիգանության մասին, ապա լկտի-սադրիչ խուլիգանական պահվածքի ամենավառ ու աղմկահարույց օրինակը կրկին կապված է իշխանական բարձրագույն շրջանակների հետ. դա Ալեն Սիմոնյանի թքելու հետ կապված հայտնի դեպքն է 2023թ. ապրիլի 2-ին, ինչն, ի դեպ, ուղեկցվել էր բռնության ակտով. ընդամենը իշխանության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտած քաղաքացուն ԱԺ նախագահի թիկնապահները բռնել ու պահել էին, որպեսզի Սիմոնյանը հանգիստ խուլիգանության ակտ կատարի։

Ընդ որում ոստիկանություն տարան ոչ թե տոհմական թքամոլին (Սիմոնյանի մայրիկը նույնպես նախկինում աչքի է ընկել «սխալ» քաղաքացիների վրա թքելով ու անպարկեշտ ժեստերով), այլ հենց տուժածին։ Հիշեցնել, որ Փաշինյանի զինակիցը ոչ մի պատիժ չկրեց իր արարքի համար, կարծում եմ, ավելորդ է։

Վերադառնանք, սակայն, մեր օրեր, թեև Նիկոլի թիմակիցների ու հաճկատարների գործած և անհետևանքի մնացած հանցանքների ու իրավախախտումների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Մարտի 22-ին ձերբակալվեցին, ապա 2 ամսով կալանավորվեցին հանրահայտ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարները։ Ընդ որում, Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ցուցադրաբար կոշտ, կոպիտ բռնության գործադրմամբ և մարդուն նվաստացնելու նպատակով. լիակատար տպավորություն էր ստեղծվում, թե խոսքը ամենավտանգավոր հանցագործի մասին է: Սոցցանցերում բարձրացած աղմուկը ստիպեց «իրավապահներին» զերծ մնալ նմանատիպ մեթոդներից Վազգեն Սաղաթելյանին ձերբակալելիս, թեև իրավաբաններն այստեղ էլ հարցեր ունեին։

Ամեն դեպքում պարզ է, որ երկուսին մեղսագրվող «խուլիգանությունն» ընդամենը պատրվակ է՝ հաշվեհարդար տեսնելու իշխանություններին անհաճո և, ամենայն հավանականությամբ, նրանց համար վտանգավոր դարձած փոդքասթի հետ։ Իրականում Փաշինյանը ցույց է տալիս, որ ուժգնացնում է ճնշումը և այլևս կանգ չի առնելու ոչ մի բանի առջև։ Այն, որ բռնաճնշումները միայն խստացվելու և զանգվածային բնույթ են ստանալու, իսկ քաղբանտարկյալների թիվն աճելու է, կասկածից վեր է։ Ընդ որում դրանք իրականացվելու են օրենքի անթաքույց խախտումներով, անհամաչափ ուժի և անվերահսկելի իշխանության հրապարակային ցուցադրմամբ։ Սանձարձակ կամայականության նպատակն ակնհայտորեն հակառակորդների ահաբեկումն է։

Սակայն Նարեկի ու Վազգենի ձերբակալությունը բոլորովին այլ ազդեցություն ունեցավ։ Եթե «Իմնեմնիմի» նախորդ թողարկումները մի քանի օրվա ընթացքում հավաքում էին 30-36 հազար դիտում, ապա տղաների մասնակցությամբ վերջին՝ 84-րդ եթերը երկու օրվա ընթացքում հավաքեց ավելի քան 69 հազար դիտում։ Այսինքն ակներև է հաղորդման նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը։

Ավելին, փոդքասթի հեղինակները, հաղորդավարների ընկերներն ու համախոհները որոշեցին շարունակել նրանց գործը. արտահերթ, հաղորդավարների ձերբակալությունից հետո հրապարակված թողարկումը դիտեցին ավելի քան 42,000 օգտատերեր։ Եթե իշխանությունները ցանկանում էին լռեցնել քննադատող ձայները, ապա, ըստ էության, հակառակ արդյունքի հասան, քանի որ փոդքասթը, ինչպես հայտարարել են հեղինակները, շարունակելու է եթեր հեռարձակվել տարբեր հաղորդավարներով՝ այնքան ժամանակ, մինչև որ կվերադառնան Սաղաթելյանն ու Սամսոնյանը։

Մինչդեռ իշխանությունների կողմից միտումնավոր կերպով չափազանց ուռճացված ողջ այս պատմության մեջ հստակ երևում է գլխավոր նպատակը։ Հատկապես երեկվա իրադարձությունների խորապատկերին՝ գրեթե անհայտ ինչ-որ կազմակերպության 49 անդամների ձերբակալության և ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ տեղի ունեցած միջադեպի, որում բազմաթիվ փորձագետներ և սոցցանցերի օգտատերեր տեսնում են փաշինյանական ձեռագիրը։ Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ ընթացիկ և հաջորդ շաբաթները ոչ պակաս հարուստ են լինելու աղմկահարույց իրադարձություններով, քանի որ Փաշինյանն ու Ալիևը սկսել են Հայաստանի ոչնչացման գործընթացի հերթական փուլը։

Ուստի որքան շատ լինեն աղմկոտ սկանդալները, միջադեպերն ու ձերբակալությունները մայրաքաղաքում, այնքան կնվազի ուշադրությունը գլխավորին՝ Տավուշի մարզում տեղի ունեցող ամենի նկատմամբ։ Ինչպես գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Նիկոլի համար սա վերջին մարտն է, որում նա ամեն ինչ կանի հաղթելու համար: Որովհետև այդ «հաղթանակից» հետո նրա հանցավոր արյունոտ ճանապարհին, ամենայն հավանականությամբ, այլևս էական խոչընդոտներ չեն մնա։

Նիկոլն ու Ալիևը ահա արդեն 6 տարի շարունակ հետևողականորեն փորձում են հաղթել հայ ժողովրդին։ Առայժմ դա նրանց հաջողվում է, բայց այս վերջին մարտը կարող է փոխել ամեն ինչ։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը նույնպես գնում է ամեն քայլի և կգնա մինչև վերջ։

Հուսանք՝ մինչև իր անձնական վերջ: