Իրավապաշտպաններն ութ հայ զինվորականի անհետացման հարցով դիմել են ՄԱԿ-ին

«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան), Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ մարտի սկզբին ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին է ներկայացրել ութ հայ զինվորականի գործ, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

Նշվում է, որ բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։

Ներկայացված գործերից յուրաքանչյուրում տուժած զինվորական անձինք եղել են կա՛մ զորակոչված, կա՛մ կամավոր զինծառայողներ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունները չեն նույնականացվել որպես անհայտ կորած անձանց մասունքներ։ «Ներկայացված գործերին կցվել են անհետ կորած անձանց ծառայակիցների բազմաթիվ վկայություններ, որոնք ի ցույց են դնում ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական բնույթն ու պատերազմական հանցագործությունները։ Վկայություններ կան զինծառայողներից մեկի անձնուրաց վարքի մասին, ով, առաջնահերթություն տալով իր վիրավոր ծառայակիցներին բուժօգնություն ցուցաբերելուն, հրաժարվել է դրանից և ներկայումս համարվում է անհետ կորած»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց անհետացումների մանրակրկիտ հետաքննություն՝ բացահայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքի ձևավորում։

1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն: 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող։

Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ին Բաքուն գերի էր վերցրել 2023 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Նա հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ևս 32 հայերի անհետացման ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը հերքում է իր մասնակցությունը դրան։