Bloomberg․ Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն Ուկրաինա օտարերկրյա զորքերի հնարավոր ուղարկման մասին զայրացրել են ամերիկացի պաշտոնյաներին, որոնք մասնավոր խոսակցություններում մտահոգություն են հայտնում, որ այդ քայլը կարող է հանգեցնել բախման ՌԴ-ի հետ։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Մակրոնի ակնարկներն արվել են այն բանի համար, որպեսզի ստիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մտածել, բայց պաշտոնյաները, որոնք ծանոթ են Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ում ընթացող բանավեճերին, ասում են, որ այդ խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ։

Այլ պաշտոնյաներ, որոնք խոսել են Bloomberg-ի հետ անոնիմության պայմաններում, նշել են, որ Մակրոնի մեկնաբանություններն այնքան էլ խելամիտ չէին օպերատիվ անվտանգության տեսակետից, քանի որ, ինչպես նշում է գործակալությունը, մի քանի երկրներ ոչ բացահայտ որոշակի զորակազմ տեղակայել են Ուկրաինայում։

Գործակալության աղբյուրը նշել է, որ ԵՄ երկրների որոշ վարչապետեր սպասում են, որ Մակրոնն առաջինը լինի, և շատերը ողջունում են նրա կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ։

News.am