Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել, հայտնել Է կազմակերպության ղեկավարը

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան»,- ասել է Տասմագամետովը։

Նա նաև նշել է, որ կազմակերպության շրջանակներում ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին:

«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների օգնությամբ և նրանց հասանելի գործիքակազմի կիրառմամբ վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների համատեքստում։ Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը»,- ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

Նա չբացառեց ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը՝ նշելով, որ ռազմաքաղաքական դաշնակցության անհրաժեշտությունը զգալիորեն մեծանում է: Տասմագամբետովը նշել է, որ կազմակերպությունը փափուկ դաշնակցության օրինակ է, և դա կառույցի ուժեղ կողմն է:

«Գլխավոր կետերից մեկը, կարծում եմ, կարելի է համարել կոշտ բլոկային կարգապահության բացակայությունը և կազմակերպության շրջանակներում որոշումներ կայացնելու Ժողովրդավարական ընթացակարգը։ Առանցքային նշանակություն ունի նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական - դիվանագիտական մեթոդներին»,- ասել է նա։

Տասմագամետովը չի բացառել, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ ուժ կդառնա խաղաղապահ գործունեությունը, որի անհրաժեշտությունը տեսանելի ապագայում կմեծանա:

Այս առումով Տասմագամբետովը կարևորել է խաղաղապահների առաքելությունը կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս՝ ՄԱԿ-ի գործունեության շրջանակներում: Ներկայումս ակտիվորեն ձևավորվում են վարչաիրավական և կազմակերպչական պայմաններ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ներդնելու համար։

«Այդ ճանապարհին կարևոր քայլ է դարձել համակարգող պետության ինստիտուտի ներդրումը, որը լիազորված է ՀԱՊԿ անդամ պետությունների անունից հանդես գալ ՄԱԿ-ի խաղաղապահության քարտուղարության հետ շփումներում»,-ասել է Տասմագամբետովը:

Sputnik Արմենիա