Արկադի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԵԼՈՒ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձևավորվել, մանավանդ իրենք իրավահաջորդն են 1918-1920 թվականների Ադրբեջանի, այդ դեպքում ինչի՞ց են վերցրել, որ Տավուշի այդ 4 տարածքներն ադրբեջանական են: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:

 


«Ոչ մի օրինական փաստաթուղթ չկա, հիմա իրենք ինչ-որ բան են ստեղծել ու բրդելով գնում են մեր հաշվին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի քարտեզի ցուցադրությանը և հայտարարությանը, որ դա է Հայաստանը, Արկադի Կարապետյանն ասաց. «Դա Հայաստան չի, դա եսիմինչի կտոր է»:

Նա նկատեց, որ բոլորն այսօր վախեցած են. «Իրենք գիտեն՝ ինչից են վախեցած, ու եթե անկեղծ են, պետք է ասեն՝ ինչից են վախեցած: Վախերը շատ մեծ նշանակություն ունեռն: Հիմա թե Ադրբեջանի ճնշումն է, Կրեմլի ճնշումն է, թե Եվրոպայի ճնշումն է, թե իրենց կուրատորների ճնշումն է, ինչ-որ մի բանից վախենում են: Ինքը վախեցած է, գնում տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է:

Մեծ գիտելիքներ պետք չէր հասկանալու համար, որ պատերազմ է լինելու, ասում էինք, որ պատրաստվեին: Հիմա էլ եմ ասում, որ պատերազմ է լինելու, բայց չենք պատրաստվում: Եթե չեն պատրաստվում է, նշանակում է՝ վախեցնում են, որ իրենց համար ձեռնտու արդյունքի հասնեն:

Հարցը մենակ հողը չի, այլ նաև իրավունքները. այսօր Արցախը իրենց տիրապետության տակ է, վաղը մեր տիրապետության տակ է լինելու, բայց մենք մեր իրավունքները պետք է պահենք: Հիմա Հայաստանի իրավազրկումն է գնում»,-ասաց հրամանատարը:

Արկադի Կարապետյանի խոսքով, եթե Տավուշից տարածքներ զիջեն, այնտեղ ստեղծվելու են այն խնդիրները, որոնք այսօր կան Ջերմուկում, Գորիսում. «Նժդեհն ասում էր՝ քո հոգու մեջ պետք է կառուցես հաղթանակի տաճարը: Մեր մեջ պատկերացում է ձևավորվել, որ Տավուշը ամրոց է, ու եթե այդ ամրոցը տալիս ես, քո մեջ ինչ-որ բան խաթարվում է: Դա մեծ նշանակություն ունի»,-ընդգծեց նա:

News.am