Մետաքսե Հակոբյան․ Մեր որևէ քայլ երբևէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար

Ցանկացած գործողություն, քայլ, գործառույթ, որը մենք իրականացնում ենք, երբևէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:

«Մեր բոլոր քայլերն ու գործողություններն ուղղված են միայն մեկ նպատակի՝ վերադարձ անարդար, անօրեն ձևով օկուպացված մեր հայրենիք, որն օկուպացրել է մեր թշնամին: Փաստացի, Արցախի Հանրապետությունը կա, գոյություն ունի, որը օկուպացրել է թշնամին, և այն պահին, երբ մենք հնարավորություն կունենանք վերադառնալ մեր հայրենիք, պետք է Արցախի բոլոր ինստիտուտները գործուն լինեն: Մեր վերադարձի նպատակը չի կարող երբևէ վտանգ ներկայացնել Հայաստանի գոյությանը կամ լինելիությանը:

Մենք երբևէ առանձին չենք դիտարկել Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից և հակառակը: Այն ամենը, ինչը մենք անում ենք, չափազանց հաշվարկված են և չեն կարող վտանգ ներկայացնել»,-ասաց նա:

Արցախցի պատգամավորն անհիմն անվանեց Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը. «Մենք երբևէ որևէ քայլ չենք անի, որ վտանգ ներկայացնի: Մեզ համար Արցախի Հանրապետությունը գերադասելի չէ Հայաստանի Հանրապետությունից և չի կարող լինել նաև հակառակը»: