ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԽՆԴՐԵԼ Է ԻՐԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵԼ ՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ, ՈՐ ՉԻ ԽՈՍԵԼՈՒ

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ միասին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

24News-ի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղարը միջնորդավորված կապի է դուրս եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել, որ ինքը չի պատրաստվում մասնակցել իշխանափոխության գործընթացին կամ ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

24News-ի աղբյուրի փոխանցմամբ, Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն:

24News-ին հայտնի դարձավ, որ այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականցնող մարմին:

Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել:

Մեզ հայտնի է դարձել նաև Բալասանյանի Հայաստան մուտք գործելու որոշ մանրամասներ: Մասնավորապես` Բալասանյանը Ստեփանակերտից դուրս է եկել սեպտեմբերի 28-ին՝ ուղևորվելով դեպի Հակարիի կամուրջ:

Սակայն 24News-ին փոխանցված տեղեկության համաձայն, Բալասանյանը Ստեփանակերտից շարժվելուն պես տեղեկանում է, որ իր տեղաշարժի մասին արդեն իսկ տեղյակ են Ադրբեջանի կողմից տեղադրված ապօրինի անցակետում: Դրանով պայմանավորված՝ Բալասանյանը ստիպված է լինում իջնել մեքենայից և Հայաստան հասնել այլընտրանքային դաշտամիջյան ճանապարհներով, ինչի հետևանքով էլ ՀՀ է հասնում միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Նշենք, նաև, որ Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը եղել է հենց 24News-ի հետ, երբ նա դեռ Արցախում էր:

Նա մեզ հետ զրույցում նշել էր. «Արցախում ծնվել եմ, ապրել եմ Արցախում էլ ապրելու եմ»։

24News