Լեհ քաղաքագետ․ Բաքվի՝ Տավուշի գյուղերը պահանջելու պատճառն այնտեղ ԵՄ դիտորդների բացակայություն է

Հայաստանի վրա Ադրբեջանի ճնշումը կապված է Բաքվի պայմաններով արագ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության հետ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է լեհ քաղաքագետ Վոյցեխ Գուրեցկին։

Փորձագետը դա որակել է Ալիևի ներքին քաղաքականության տարր, երբ նա փորձում է ցույց տալ, որ «ինքը վճռական առաջնորդ է և ձգտում է սկսածն ավարտին հասցնել»։

Հիշեցնելով, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը, լեհ քաղաքագետը նշել է, որ այդ հանգամանքը բարդացնում է զարգացումների ռազմական սցենարը։ Ըստ նրա՝ նման սպառնալիքի գոյությունն, իհարկե, չի կարելի լիովին բացառել, բայց նաև չարժի այն չափազանցնել։

Վոյցեխ Գուրեցկին հավելել է, որ Տավուշի գյուղերն իրեն փոխանցելու Ադրբեջանի պահանջը պայմանավորված է նաև նրանով, որ այնտեղ եվրոպացի դիտորդներ չկան։

Լեհ քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ նախագահ Պուտինը չի վստահում Հայաստանի կառավարության ղեկավարին և կցանկանար Հայաստանում իշխանություն փոխել՝ թուլացնելով Փաշինյանի դիրքերը։

«Սա ավելի շատ պայմանավորված է անձնական խնդիրներով, քան քաղաքական անհրաժեշտությամբ», - ընդգծել է Գուրեցկին:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ին հնարավոր դե յուրե անդամակցության սառեցման մասին Հայաստանի հայտարարությունը Երևանի խաղն է, որը ձգտում է ընդլայնել մանևրի դաշտը։

«Վաղ թե ուշ կծագի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, բայց ես այս պահին դա գնահատում եմ որպես խաղի տարր»,- եզրափակել է քաղաքագետը։