Գրիգորյան․ Ադրբեջանի հետ սրացումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից
Ադրբեջանի հետ սահմանին սրացումը, ստացվում է, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին վերջին հայտարարությանը։
Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի և երկրի իրավիճակի վրա»։
«Մեծ Բրիտանիան հրավիրված չէ Բրյուսելի հանդիպմանը։ Այս իրադարձության շուրջ կեղծ նարատիվներ են ստեղծվում։ Նշանակում է՝ Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք հենց սա ենթադրել, ինչը շատ մտահոգիչ է»,- նշել է Գրիգորյանը։
News.am