Ալիևը Բլինքենին «հիշեցրել է» «Ասանժի գործի» և հայ ընդդիմադիրների կալանավորման մասին
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը շարունակում է մեկնաբանել Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը։
Հանդիպման վերաբերյալ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր.
«Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորություններին հետևելու անհրաժեշտությունը և կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն այսօր տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Այո, հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել էին շատ հարցեր։ Նախագահ Ալիևը նշել է, որ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցում արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա։ Այդ կապակցությամբ պետության ղեկավարը Էնթոնի Բլինքենին հիշեցրել է Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և նույնիսկ անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին և նշել, որ այս համատեքստում արևմտյան երկրների լռությունը անհասկանալի է, և նման փաստերը երկակի ստանդարտների վառ օրինակ են։
Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև հայտնի լրագրող Ջուլիան Ասանժի հետ կապված հարցին, ով երկար ժամանակ ֆիզիկական և հոգեկան խոշտանգումների է ենթարկվել հենց իր լրագրողական գործունեության համար։ Նա ընդգծել է, որ քննարկվում է Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու և մահապատժի ենթարկելու հարցը։ Երկրի ղեկավարը հավելել է նաև, որ մարդու իրավունքների խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն տեղային, այլև գլոբալ համատեքստում»։
Մեդիամաքս