Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան միակ երկիրն է ՆԱՏՕ արևելյան սահմանին, որտեղ դաշինքի այլ երկրների զորքեր մշտական հիմքով տեղակայված չեն, և Հելսինկին դիտարկում է տարբեր սցենարներ, ներառյալ մշտական զորակազմի տեղակայումը։ Այս մասին Yle-ին տեղեկացրել է պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակոլան։
«Մենք առայժմ այս մասին որոշում չունենք, բայց դիտարկում ենք տարբերակներ՝ զորավարժությունների ընդլայնում, ռոտացիայի մոդել կամ գործունեության որևէ այլ տեսակ»,- ասել է Յաակոլան։
Նա նշել է, որ Ֆինլանդիան բավական ուժեղ սեփական զինված ուժեր ունի և որ հիմա երկիրը զորքերի սուր անրաժեշտություն չունի։ Սակայն նման հնարավորությունը չի բացառվում։ «Իհարկե, հնարավոր ճգնաժամային իրավիճակում մեզ աջակցություն պետք կլինի, և մենք ցանկանում ենք ստանալ այն»,- ասել է նա։
Զորքերի հասնելու կամ մեկ այլ օգնության արագությունը, նրա խոսքով, կախված է քաղաքական որոշումներից։ «Անհնար է կոնկրետ ժամկետներ նշել։ Պետք է այսուհետ ևս պահպանել սեփական ուժերով պաշտպանություն սկսելու ունակությունը և դաշնակիցների օգնության վրա հույսը դնել ավելի ուշ փուլի համար»,- կարծում է հրամանատարը։
News.am