Ազգային ժողովն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխությունները

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Կողմ են քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 25, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Հիշեցնենք, որ փոփոխությունների նախագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է, օրինակ, կուսության ստուգումն արգելելուն։ Նաև նոր փոփոխություններով, այսպես ասած, ներմուծվում է «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։

Առաջարկող փոփոխությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը։ Մասնավորաբար, Մայր աթոռը մտահոգիչ է համարում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը։

Համաձայն նախագծի, զուգընկեր է համարվում այն անձը, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից: Եկեղեցին անհանգստացած և մտահոգված է, որ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը

Ընդդիմությունը ևս քննադատել է օրենքում առաջարկվող փոփոխություններից մի քանիսը՝ պահանջելով հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։

Sputnik Արմենիա